«Այս տարի վերջին վարկն եմ փակել՝ վերջին 10 մլն դրամը տվել եմ «Արցախբանկին», ու տասն օր հետո կռիվը սկսվեց։ Հոկտեմբերի 10-ին պետք է 45 հազար շիշ գինի ուղարկեի Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ամեն ինչ մնաց թուրքերին՝ գինին, այգիները, գործարանը, տունս, գյուղը։ Զոհված տղայիս գերեզմանն եմ այնտեղ թողել»,- պատմում է Շեխեր համայնքի բնակիչ Բաղդասար Ղուլյանը՝ գյուղի գինու գործարանի հիմնադիրը։
Ղուլյանի 19-ամյա որդին՝ Հայկո Ղուլյանը, զոհվել է հոկտեմբերի 4-ին Հադրութում։ Տղան Երեւանի պետական համալսարանի ուսանող էր, մեկ տարվա ժամկետային ծառայող։ Գերազանց առաջադիմությամբ սովորում էր միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։ «Ուզում էր նախագահ դառնար, որ լուծեր Ղարաբաղի հարցը». արցունքները զսպելով՝ ասում է հայրը։
Շեխերն Արցախի Մարտունու եւ Հադրութի շրջանների սահմանագծին է։ Բաղդասարը պատմում է, որ ավելի քան 400 բնակիչ ունեցող գյուղը խաղող աճեցնելու համար իդեալական վայր էր, ուներ բարենպաստ բարձրություն եւ խոնավություն։
Ինքը 10 տարի եղել է Շեխերի համայնքապետը, հետո հրապուրվել գինեգործությամբ ու թողել պետական գործը։ 2005-ին հիմնել է խաղողի այգիներ, 2011 թվականից սկսել է կառուցել գործարանը, տնկել է վեց հեկտար այգի։ Եվս տասը հեկտար հող էր գնել, որ այգին ընդլայներ, բայց պատերազմը չթողեց։ Գյուղն ընկավ պատերազմի սկսվելուց մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 28-ին։
Ներդրումը բավականին մեծ էր ու տպավորիչ՝ 220 հազար եվրոյով արտասահմանից սարքավորումներ էր գնել, գործարանի շենքի կառուցման համար ծախսել 120 մլն դրամ։ Մասնագետներ էր հրավիրել Գերմանիայից՝ ամեն մեկին օրական 400 հազար դրամ աշխատավարձով, չհաշված՝ կեցության ծախսերը։ ԱՄՆ-ի գործընկերն էր պահանջել բարձր չափանիշերով մշակել խաղողն ու պատրաստել գինին։ «Այդ մասնագետները չլինեին, Ամերիկան գինին չէր ընդունի։ Ամերիկացի գործընկերս էլ Բաքվի հայ է՝ Կարեն Բաղդասարյանը։ Մի քանի անգամ եկել-գնացել է»,- ասում է Բաղդասար Ղուլյանը։
Արտադրած գինու մեծ մասը իրացրել է ԱՄՆ-ում, հիմնականում Լոս Անջելեսում եւ Նյու Յորքում, քիչ քանակությամբ նաեւ՝ Երեւանում ու Արցախում։ Վաթսուն տոննա հումքը, որով հաջորդ տարի պետք է գինի արտադրեր, նույնպես մնաց թուրքերին։ Այս տարի դեռ չէին հասցրել խաղողի բերքը հավաքել։ Պլանավորել էր 2021-ին 100․000 շիշ արտադրել։ Ամերիկայի գործընկերոջ հետ ունեցած պայմանագրի համաձայն՝ հաջորդ երեք տարիներին պետք է հասցներ 700000-ի։ «Ավարտել էի գործարանի կառուցումը, վարկերը զրոյացրել էի, որ արդեն պետք է օգուտ ստանայի, չեղավ»,- ցավով ասում է գինեգործը։
Հեկտարներով այգի հիմնելով, գործարան կառուցելով եւ հեռավոր ԱՄՆ-ի հետ ապագայի պայմանագրեր կնքելով՝ ղուլյանների մտքով անգամ չի անցել, որ կարող են կռվում պարտվել եւ ոչ միայն ողջ կյանքում ստեղծածը, այլեւ պապական գյուղն ու որդու գերեզմանը թողնել, հեռանալ։ «Չէի պատկերացնում այսպիսի բան․ կռիվը սկսվել էր, չէի հավատում։ Ողջ ընտանիքով էինք կռվում։ Եկել էին մեր գյուղ, էլի չէի հավատում։ Հիմա էլ չեմ հավատում։ Չկա նման բան։ Ես միշտ մտածել եմ, որ մենք պետք է առաջ գնանք, ով է մտածել, թե թուրքը պետք է մեզ հասնի։ Սա երազ է։ Հայը չէր պարտվում, բայց հասցրեցին»,- արցունքները զսպել չկարողանալով՝ ասում է Բաղդասարը։
Պատմում է, որ թուրքերը հենց իրենց գյուղով են անցել ու անտառներով հասել Շուշի։ Եվ չի հասկանում՝ ինչպես պարտվեցինք, ու ինչպես անակնկալ ընկան Հադրութն ու Շուշին։ Առանձնապես շատ չի ուզում խոսել պատերազմի, տեղի ունեցած իրադարձությունների մասին․ «Ճիշտն ու սուտը խառնվել են իրար։ Սուտը էնքան շատ է, բայց մի օր ամեն ինչ պարզվելու է»։
Հիմա ընտանիքով Երեւանում են, տուն են վարձել, համագյուղացիները օթեւան են գտել Ստեփանակերտում, Երեւանում ու Հայաստանի մարզերում։ Ասում է՝ անընդհատ կապ է պահում նրանց հետ։
Բազմազավակ ընտանիք են՝ երեք տղա, երեք աղջիկ։ Երկու տղաները մեծ են, ծառայել են բանակում։ Մեծ աղջիկը սովորում է Գերմանիայում, փոքրերը դպրոց են գնում։ Ինքը միանգամից աշխատանքի է անցել Արմավիրի մարզի Առատաշեն գյուղում։ Գործընկեր գինեգործներն են առաջարկել՝ խաղող է մշակում եւ իր մասնագիտական խորհուրդներով օգտակար լինում։
Մտադիր է Հայաստանում էլ սեփական այգի հիմնել եւ նորից գործարան բացել․ «Անպայման, ես պետք է սկսեմ, իմ զոհված երեխայի գերագույն նպատակն էր, որ պետք է ունենանք աշխարհի համար մեկ գինին»։
Հույս ունի Արցախում նորից խաղողի այգիներ հիմնել, գինու գործարան կառուցել, բայց միայն հարազատ Շեխեր գյուղում։ Նա վստահ է, որ գյուղը հետ են բերելու. «Բերողը կգա ու կբերի։ Կռիվը կլինի այն ժամանակ, երբ մենք զգանք, որ հզոր ենք․ հինգ տարուց, տասը տարուց։ Ես չկարողանամ հետ բերել, իմ երեխան է գնալու իմ գյուղը։ «Շատ հավեսին գյուղ էր։ Չգիտեմ, ոնց նկարագրեմ։ Անտառի մեջ, աղբյուրները լի, ժողովուրդը բարի»,- ցավով հիշում է Բաղդասար Ղուլյանը։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։