Ոմանց թվում է, թե էսօր ամենադժվար վիճակում իշխանության կրողներն են, որ ստիպված են բառեր ընտրել՝ իշխանությունը պահելու արդարացումներ գտնելու համար։ Թեպետ, առանձնապես բառեր ու արտահայտություններ փնտրելու ջանք էլ չեն թափում. էդ բոլոր արդարացումները վաղուց հայտնի են եւ արդեն հնչում են տասնյակ տարիներ. «մենք դեռ անելիք ունենք», «մենք կառչած չենք աթոռից. . .», «եթե ժողովուրդը պահանջի՝ մենք կհեռանանք. . .», «էդ մի բուռ ցուցարարները ժողովուրդ չեն, այլ բաշիբոզուկներ» . . .
Ոմանց էլ թվում է, թե էսօր ամենադժվար վիճակում փողոցային ակցիաներ կազմակերպող ընդդիմությունն է, որը ստիպված է բառեր ընտրել մարդկանց ցույցի կամ երթի բերելու համար։ Թեպետ, առանձնապես բառեր ու արտահայտություններ փնտրելու ջանք էլ չեն թափում. էդ բառերը վաղուց հայտնի են եւ հնչում են տասնյակ տարիներ. «դավաճանները, վիժվածքները, ստահակները, թալանչիները. . . պիտի հեռանան, իսկ մենք կգանք ծաղկեցնելու Հայաստանը եւ փրկելու նրան աղետից. . .»։
Դե հիմա հաշվեք թե այս ամենը անցած առնվազն 25 տարում քանի՞ անգամ եք լսել։ Ընդ որում՝ դերերն էլ որոշակի պարբերականությամբ փոխվել են. պայմանական «բաշիբոզուկները» հանգրվանել են նախկին (պայմանական) «դավաճանների» եւ «վիժվածքների» կաբինետներում։ Իսկ նախկին «դավաճանները»՝ զբաղեցրել են նախկին «բաշիբոզուկների» տեղը՝ փողոցներում։
Ոչինչ նոր չէ այս լուսնի տակ։
Եվ անգամ նորություն չէ, որ վերոհիշյալ երկու խմբերից առավել դժվար վիճակում հայտնվում են լրատվամիջոցներն ու դրանց ներկայացուցիչները, որոնք ընդհանրապես միշտ էլ քաղաքական սրացումների ժամանակ ենթարկվում են բռնությունների, նրանց աշխատանքը խոչընդոտվում է, աջից եւ ձախից «ծախու» պիտակավորումների են արժանանում։
Հիմա էլ նույնն է. դեկտեմբերի 1-ին ոստիկանները խոչընդոտել են լրագրողների աշխատանքը եւ փորձել բերման ենթարկել «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության օպերատոր Հայկ Սուքիասյանին։ Միջադեպի ընթացքում կոտրվել է հեռուստաընկերության տեսախցիկը։
Դեկտեմբերի 5-ին «Ազատության» հրապարակում արդեն ցուցարարներն են խոչընդոտել «1in.am» լրատվական կայքի օպերատոր Ռաֆայել Քարամյանի օրինական մասնագիտական գործունեությունը։ Մի խումբ ցուցարարներ, նկատելով տեսախցիկի վրա «1in.am» -ի տարբերանշանը, պահանջել են դադարեցնել աշխատանքը։ Դա զուգորդվել է օպերատորին ուղղված հայհոյանքներով եւ սպառնալիքով։ Լրագրողը ստիպված է եղել անջատել տեսախցիկը եւ հեռանալ։
Դեկտեմբերի 5-ի երթի ժամանակ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը հեգնեց «Ազատության» թղթակցին՝ ասելով. «Աշխարհը՝ աշխարհով, «Ազատությունը»՝ երկրորդ եւ երրորդ նախագահների մասին»։
Մի քանի օր անց՝ իշխանական պատգամավոր Միքայել Զոլյանը խորհրդարանում կոպտեց «Երեւան թուդեյ» լրատվական ալիքի լրագրողին։ Կարող էր (իր իրավունքն է) հրաժարվել հարցազրույցից։ Սակայն տոնը հարիր չէր պատգամավորին։
Համարյա ամեն օր նման մի բանի կարող ենք ականատես լինել։
Հիմա հարց. ե՞րբ են հասարակությունը եւ առաջին հերթին հանրային դեմքերը հասկանալու, որ լրատվամիջոցներն իրենց գործն են անում։ Որ պարտադիր չէ՝ նրանց լուսաբանումները համընկնեն բոլորի ակնկալիքներին։
Եվ երկրորդ՝ ամենակարեւոր հարցը. արդյոք նման մթնոլորտում, երբ կա փոխադարձ անհանդուրժողականություն, երբ հասարակությունը ծայրահեղ բեւեռացված է, երբ երկու կողմից էլ լրատվամիջոցներին բաժանում են յուրայինների եւ հակառակորդների, հնարավո՞ր է կազմակերպել նորմալ արտահերթ ընտրություններ։ Պատասխանը երկու կողմից էլ նույնն է, ընտրությունների համար անբարենպաստ մթնոլորտի մասին խոսում է ե՛ւ գործող իշխանությանը, ե՛ւ ընդդիմությունը։ Երկու կողմից էլ հնչում են կարծիքներ, որ մթնոլորտը պետք է լիցքաթափել, նոր մտածել հետագա քայլերի մասին։
Վազգեն Մանուկյանն ինքն է հայտարարում, որ ընտրությունները պետք է կայանան մեկ տարի հետո։
Համարյա նույն բանն ասում է իշխանական ճամբարի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա լրագրողների հետ զրույցում նշել է, որ չի բացառել եւ անգամ ասել է, թե ճիշտ է, որ իշխանությունը գնա նոր ընտրությունների ճանապարհով. «Դրա համար բոլորս պետք է հասկանանք, որ պետք է մի պահ մի կողմ դնենք այն ատելությունը, որը մեկս մյուսին ենք վերագրում. . .»։
Ու հիմա տպավորություն է, թե իշխանությունն ու ընդդիմությունը անցած դարի կեսերի անգլիական հայտնի կինոկատակերգության հերոս Պիթկինի նման՝ ջարդած հայելու շրջանակի երկու կողմերում կանգնած նույն շարժումներն են անում՝ մեկը մյուսի համար հայելու էֆեկտ ստեղծելով։
Սակայն նրանցից ոչ մեկը դեռ չի համարձակվում շրջանակի միջով ձեռքը մեկնել մյուսին։ Այսինքն՝ մթնոլորտը լարաթափելու առաջին քայլը անել․ գուցե միասին գտնե՞ն առաջիկա մեկ տարվա «ճանապարհային քարտեզը», որն անխուսափելիորեն պիտի բերի արտահերթ ընտրությունների. . .
Առայժմ հակառակն է․ կողմերը միայն կոշտացնում են իրենց դիրքերն ու հայելային հայտարարությունները։
Հ. Գ. Ներողություն եմ խնդրում հոդվածում օգտագործված վիրավորական բառերի համար։ Դրանք իմը չեն, պարզապես մեջբերված են մթնոլորտն ընդգծելու նպատակով։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։