Ըստ KASPAROV.ru կայքի՝ Amnesty International-ը քսաներկու հոլովակ ստուգելուց հետո հայտարարել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի զինվորականները Լեռնային Ղարաբաղում (Արցախում) վերջերս ծավալված պատերազմական գործողությունների ընթացքում ռազմական հանցագործությունների են դիմել:
Amnesty International-ի ճգնաժամային արձագանքման խմբին առընթեր գործող փորձագիտական լաբորատորիան կիրառել է թվային վերիֆիկացիայի (տվյալների իսկության հաստատման) եղանակներ՝ Telegram-ի խմբերում եւ հաշիվներում՝ վերջին երեք շաբաթվա մեջ հրապարակված տեսագրությունների վավերականությունը ստուգելու համար: Վնասվածքների պատճառման հանգամանքները նույնպես ստուգվել են անկախ դատական պաթոլոգանատոմի կողմից:
Ինչպես հայտարարել է Amnesty International-ի Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հետազոտությունների գծով տնօրեն Դենիս Կրիվոշեեւը, Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունները անհապաղ պետք է հրահանգեն անկախ եւ անաչառ հետաքննություն անցկացնել եւ բացահայտել այդ հանցագործությունների պատասխանատուներին: Մեղավորները, ինչպես նաեւ հրամաններ արձակած, հանցագործությունները խրախուսած կամ թույլ տված հրամանատարները պետք է պատասխանատվություն կրեն:
Միջազգային մարդասիրական իրավունքը ուղղակիորեն արգելում է ցանկացած ձերբակալված անձի, այդ թվում ռազմագերիների նկատմամբ բռնության գործողությունները, մարմինների խոշտանգումն ու դիերի անարգանքը, ինչպես նաեւ քարոզչական նպատակներով խոստովանությունների եւ մատնությունների կորզումը: