Ըստ ռուսական REGNUM գործակալության` ԱՄՆ-ում Ջո Բայդենի իշխանության գալու հնարավորությունը, որը Ռուսաստանի համար անցանկալի էր, գործնականում իրողություն է դարձել:
«Անկախ անհատներից, մեր երկրները դատապարտված են համագործակցության, որքան էլ որ դա դժվար լինի». REGNUM-ի թղթակցին ասել է ՌԴ ֆինանսների կառավարման բարձրագույն դպրոցի ֆինանսական դիսցիպլինայի ամբիոնի դասախոս Անատոլի Գոժին:
Դեմոկրատների թեկնածուի նախընտրական հռետորաբանությունը Ռուսաստանի հանդեպ անբարեհաճ վերաբերմունքի առումով ոչ մի կասկած չէր թողնում: Սակայն նախագահի թեկնածու Բայդենը եւ նախագահ Բայդենը միանգամայն տարբեր քաղաքական ֆիգուրներ են:
«Բացարձակ քաղաքական եւ գաղափարախոսական գերիշխանության ձգտումն իր բնական սահմաններն ունի։ Դրանք պայմանավորված են ԱՄՆ-ի փոխազդեցության իրական հնարավորություններով՝ ինչպես դաշնակիցների ու գործընկեր երկրների, այնպես էլ այն երկրների վրա, որոնք խոչընդոտում են աշխարհի առաջատար տնտեսության համապարփակ ընդարձակմանը:
Ռուսաստանի վրա պատժամիջոցներով ճնշման հնարավորությունները Թրամփի վարչակազմը լիովին օգտագործել է: Հիմնական հարվածը հասցվեց «Հյուսիսային հոսք-2»-ին, ինչը որոշակիորեն դանդաղեցրեց նախագիծը կյանքի կոչելը, սակայն ի վիճակի չեղավ այն կանգնեցնել:
Նորընտիր նախագահին մնում է միայն համակերպվել գազատարի կառուցումն ավարտելու իրողության հետ, մանավանդ, որ դրանով շահագրգռված է Եվրոպայի տնտեսության առաջատար Գերմանիան:
Նկատի ունենալով, որ Ջո Բայդենն իր հիմնական խնդիրներից մեկը համարում է եվրոպական երկրների հետ հավասարակշռված, գործընկերային հարաբերությունների վերականգնումը, մեր երկրի հետ փոխհարաբերություններն էլ հաշվի պիտի առնվեն եվրոպացիների՝ Ռուսաստանի հետ առեւտրի շահագրգռվածության տեսանկյունից:
Շոշափելի, թեեւ ոչ ճակատագրական հարված կլիներ, եթե Ռուսաստանի դաշնային փոխառության բաժնետոմսերում ամերիկյան ներդրումները սառեցվեին: Սակայն սեփական ներդրողների տնտեսական ազատ ընտրության սահմանափակման գաղափարը հակասում է ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների գաղափարական հայեցակարգին։
Պետք է նկատի առնել, որ ԱՄՆ քաղաքական համակարգը կառուցվում է միայն նախագահի անձի վրա: Կոնգրեսը, որտեղ հանրապետականները մշտապես պահպանում են իրենց ազդեցությունը, կարող է սրբագրումներ մտցնել դեմոկրատների վարչակազմի քաղաքականության մեջ (իհարկե, ո՛չ Ռուսաստանի հանդեպ սիրուց, այլ միջկուսակցական դիմակայության շրջանակներում):
Հարկ է նշել, որ Ջո Բայդենը միջազգային իրավունքի նորմերի պահպանման եւ առեւտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում հարաբերությունների կարգավորման կողմնակից է, ինչը զուսպ լավատեսություն եւ հույս է ներշնչում, որ բազմաթիվ վիճելի հարցեր դատական կարգով կկարգավորվեն (առաջին հերթին դա վերաբերում է պողպատի մեր արտադրողներին):
Բնականաբար, մեր նկատմամբ համալիր ճնշումները ինչպես Նահանգների, այնպես էլ նրա դաշնակիցների կողմից կպահպանվեն, բայց նաեւ հույս կմնա, որ մեր երկրները առավել արդյունավետ կհամագործակցեն միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում», — իր կարծիքն է արտահայտել փորձագետը: