Դեկտեմբերի տասնմեկին տեղի ունեցավ հետընտրական Վրաստանի «նորընտիր» խորհրդարանի առաջին նիստը:
Մեկնարկին զուգահեռ տարբեր քաղաքացիական խմբեր խորհրդարանի մոտ ցույցեր էին անում, իսկ ընդդիմությունը համախմբվել էր «Վրացական երազանք» կուսակցության դեմ։ Բոյկոտելով նիստը՝ նրանք այդպես էլ չմտան խորհրդարան:
Առաջին լիագումար նիստին ներկա էին Վրաստանում ԱՄՆ դեսպանը, ԵՄ պատվիրակության անդամներ, պետական պաշտոնյաներ եւ հոգեւորականներ:
Նիստից առաջ ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը՝ լրատվամիջոցների հետ զրույցում նշեց․ «Մենք կցանկանայինք նիստում տեսնել խորհրդարանի ընտրված բոլոր անդամներին»:
Քելլի Դեգնանն ասաց, որ վերջին շաբաթների ընթացքում քաղաքական առաջնորդները զգալի աշխատանք են կատարել ընտրական բարեփոխումների առումով, ինչը ցույց է տալիս, որ չնայած տարբեր տեսակետներին, քաղաքական գործիչները կարող են միասին աշխատել։ Դեսպանի սպասումները, սակայն, չէին արդարացել, եւ խորհրդարանի առաջին նիստին ներկայացել էին միայն իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամները:
Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստին զուգահեռ Թբիլիսիի Երիտասարդական պալատի դիմաց հինգ ընդդիմադիր կուսակցություններ երեք փաստաթուղթ ստորագրեցին՝
Առաջինն ընդդիմության ընդհանուր հայտարարությունն է, ըստ որի՝ նրանք չեն ճանաչում հոկտեմբերի 31-ին կայացած ընտրությունների արդյունքը, ինչպես նաեւ պահանջում են անցկացնել արտահերթ ընտրություններ։
Երկրորդ փաստաթուղթն ընդդիմադիր այն կուսակցությունների ներկայացուցիչների մասին է, որոնք ստացել են մանդատներ, սակայն հրաժարվում են դրանցից եւ խորհրդարան մտնելուց։
Երրորդ փաստաթղթով ընդդիմադիրները դիմում են Վրաստանի ԿԸՀ-ի ղեկավար Թամար Ժվանիային՝ պահանջելով չեղարկել իրենց ներկայացրած ընտրացուցակները։
Ավելի ուշ «Լեյբորիստական կուսակցության» անդամները խորհրդարանի շենքի մոտ՝ «վրաց պառլամենտարիզմի շիրիմին», ծաղկեպսակ դրեցին:
Վրաստանի խորհրդարանական ընտրությունների պաշտոնական արդյունքով՝ 150 պատգամավորից կազմված խորհրդարանում իշխող «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունն ունի 120 պատգամավոր, որոնցից վաթսունն ընտրվել են համամասնական, երեսունը՝ մեծամասնական ընտրակարգով։ Ընդդիմադիր ութ դաշինք եւ կուսակցություն վաթսուն մանդատ են ստացել միայն համամասնական ընտրակարգով։ Ընդդիմությանը տրված ձայների կեսից ավելին՝ 36 մանդատ, բաժին է հասել մի դաշինքի, որի առանցքը Վրաստանի նախկին նախագահ, ներկայում՝ քաղաքական վտարանդի Միխեիլ Սահակաշվիլիի «Ազգային շարժում» կուսակցությունն է։
2017-ից «Ալիք մեդիա»-Վրաստան թիմի անդամ եմ՝ լրագրող։ Թեեւ Վրաստանի տեխնիկական համալսարանում իրավագիտություն եմ ուսումնասիրել, բայց ինձ համար հետաքրքիր են բոլոր ոլորտներն ու թեմաները։