Եվրոպական միության քաղաքականության մաս է կազմում տարբեր երկրների մարդկանց միջեւ շփումների զարգացումը, այդ թվում՝ գիտության եւ տեխնոլոգիայի, կրթության եւ մշակույթի, երիտասարդության եւ սպորտի բնագավառներում համագործակցության ու փորձի փոխանակման միջոցով:
Համագործակցությունն ու քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու համար ԵՄ-ն եւ Հայաստանը փոխգործակցում են կրթության եւ վերապատրաստման ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության կրթության եւ վերապատրաստման համակարգերը Եվրոպական միության քաղաքականություններին ու գործելակերպերին մոտարկելու նպատակով։
Եվրամիության կրթական ծրագիր «Էրազմուսը+»-ը տրամադրում է դրամաշնորհներ գործողությունների լայն շրջանակի համար՝ ներառելով ինչպես ուսանողների համար հնարավորություններ՝ արտասահմանում աշխատելու, այնպես էլ ուսուցիչների եւ կրթական անձնակազմի համար հնարավորություններ՝ վերապատրաստման դասընթացներին մասնակցելու:
«Էրազմուսը+»-ը ԵՄ նոր ծրագիր է կրթության, վերապատրաստման, երիտասարդության եւ սպորտի հարցերով, որը մեկնարկել է 2014 թվականին: Այն փոխարինում եւ համախմբում է ընթացիկ յոթ ծրագրերը, այդ թվում` Տեմպուսն ու Էրազմուս Մունդուսը: Այս եւ այլ թեմաների շուրջ զրուցել ենք «Էրազմուսը+» ծրագրի հայաստանյան ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովայի, ծրագրի պատասխանատուներ Էդիթ Սողոմոնյանի եւ Անի Թորոսյանի հետ:
Լանա Կառլովա — «Էրազմուս+» ծրագիրը Եվրամիության ծրագիրն է, որը միտված է բարձրագույն կրթության արդիականացմանը: 2014 թվականից մինչեւ այս տարի՝ 2020 թվականը դա, կարելի է ասել առաջին փուլն էր: «Էրազմուս+» ծրագիրն ունի բավականին երկար պատմություն. նախկինում դա «Տեմպուս» ծրագիրն էր՝ բարձրագույն կրթության ոլորտի զարգացման հետ կապված, որը սկսվել է 1990 թվականներին. Հայաստանն ընդգրկվել է 95 թվականին եւ շարունակում էր մինչեւ 2013 թվականը:
Անի Թորոսյան – Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակը 2015 թվականից ի վեր աջակցում է Եվրոպական հանձնաժողովին՝ ՀՀ բարձրագույն կրթության ոլորտում «Էրազմուս+» ծրագրի ներդրումը տեսանելի եւ արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Ծրագիրը ԵՄ արժեքավոր ներդրումներից է ՀՀ կրթական համակարգում: Այն նպասել է ԲՈՒՀ-երի կարողությունների զարգացմանը, ԲՈՒՀ-ի աշխատակիցների, ուսանողների շարժունությանը, նպաստել է նորարարությանը միտված համագործակցությունների ձեւավորմանը եւ լավագույն փորձի փոխանակմանը:
Էդիթ Սողոմոնյան – Այսօր ունենք 5 տարվա արդյունքների արձանագրում: «Էրազմուսը» ինչպես գիտեք միայն կրթության ոլորտի ծրագիր չի, բայց այսօր մենք խոսելու ենք բարձրագույն կրթության ձեռքբերումների մասին եւ պետք է նշեմ, որ երկու հիմնական գործողությունների միջոցով են բարձրագույն կրթության շահառուներին տրվել դրամաշնորհներ, ճամփորդական գրանտեր եւ կրթաթոշակներ: Առաջին գործողությունը անհատների ուսումնական շարժունությունն է, որը ըստ էության երկկողմանի փոխանակումներն են. ուսանողների փոխանակումներ, դասախոսների կամ ակադեմիական աշխատակազմի եւ վարչական աշխատակազմի: Այսօր, կարող ենք ասել, որ 2015 թվականի համեմատ եռապատկվել է այդ թիվը, սակայն ավելի շատ են արտագնա շարժունությունները: Միեւնույն ժամանակ, դինամիկան այսպես է փոփոխվել. եթե սկզբում ավելի շատ ուսանողների շարժունության վրա էր շեշտը դրվում՝ որպես ավանդական շարժունության ձեւ, վերջին տարիներին դասախոսների եւ վարչական կազմի շարժունության թվերը ավելի մեծ շարժ են ապրել: Մեկ այլ գործողություն, որից օգտվում են անհատները, «Էրազմուս-Մունդուս» համատեղ մագիստրոսական ծրագրերն են: Հայաստանից մինչ օրս 140-ից ավել կրթաթոշակակիր ունենք, որոնք, ըստ էության, իրենց կյանքը լավացնելու հնարավորություն են ձեռք բերում ԵՄ աջակցությամբ, սակայն ցավոք սրտի չենք կարող արձանագրել, որ շատերն են վերադառնում եւ կարողանում են իրենց տեղը եւ աշխատանքային ներդրումն ունենալ Հայաստանի զարգացմանը:
Լանա Կառլովա – Եվրամիությունը եւ գործընկեր երկրներն ունեն մի պրիորիտետների ցանկ՝ այն բնագավառները, որոնք համարվում են առաջնային փոփոխության համար եւ սոցիալական, տնտեսական ոլորտի զարգացմանը:
Էդիթ Սողոմոնյան – Բացի կրթական ծրագրերի բարելավումից, այս ծրագրերը նպատակ ունեն նաեւ կրթական համակարգերը, ԲՈՒՀ-երի կառավարումը լավացնել: Ինչպե՞ս կարող են ավելի բարելավել ԲՈՒՀ-երը՝ ունենալով ավելի հզոր ՏՀՏ համակարգեր, էլեկտրոնային համակարգեր, որոնց միջոցով հնարավոր է ավելի էֆեկտիվ ղեկավարել ԲՈՒՀ-ը, բնականաբար դառնալ ավելի միջազգային, ավելի բաց լինել միջազգային համագործակցության համար, առաջարկել միջազգային ծրագրեր, ունենալ բարձրորակ գրադարանային ծառայություններ, նորարարական ենթակառուցվածքներ, բայց ամենակարեւորը իհարկե դա նորարարական դասավանդման մեթոդների կիրառումն է, որովհետեւ ԲՈՒՀ-ի հիմնական նպատակը՝ առաջինը, որակյալ կրթությունն է, ուսանողակենտրոն կրթությունը, արդիական կրթությունը:
Լանա Կառլովա – Երրորդ սկզբունքը՝ համալսարան եւ հասարակություն: Ի՞նչ կապեր կարող են ամրապնդեն համալսարանները աշխատաշուկայի հետ, տարբեր ոլորտի կազմակերպությունների հետ, որ կարողանան ավելի արդյունավետ աշխատեն եւ ուսումնական ծրագրերի վրա ազդեցույթյուն լինի նույնպես:
Անի Թորոսյան — «Էրազմուս+» գրասենյակը համակագում է նաեւ բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագիտական թիմի աշխատանքը, միտված Բոլոնիայի գործընթացի առաջխաղացմանը եւ նրա միտումների ու գործիքների տեղայնացմանը Հայաստանում: Մարզերում մեր փորձագետները կազմել էին խմբեր եւ իրականացրել էին ռազմավարությունների մշակման հետ կապված վերապատրաստումներ: Եղել են եւ՛ Գորիսում, եւ՛ Գավառում, եւ այլ մարզերում, հանդիպել են կառավարման օղակի ներկայացուցիչների հետ, տեղում իրականացրել են վերապատրաստումներ, այսինքն այդպիսի աջակցություն են ցուցաբերում: Կարիքի դեպքում, երբ անձինք արձագանքում են կամ ԲՈՒՀ-երն արձագանքում են, իրենք պատրաստ են եւ՛ վերապատրաստումներ անցկացնելու, եւ՛ կազմակերպելու տարբեր միջոցառումներ եւ նաեւ իրականացնելու տարբեր հետազոտություններ:
Լանա Կառլովա – Ոչ միայն պատրաստումները, վերապատրաստումներ կան, այլ նաեւ շատ արդիական տեխնիկա են ձեռքբերում մեր համալսարանները՝ կարագավորելով կենտրոններ, բացելով ուսումնական կենտրոնները, որտեղ դրված են այդ սարքավորումները եւ կիրառելի դարձնելու համար:
Էդիթ Սողոմոնյան – Կարողությունների զարգացման ծրագրի լավագույն օրինակը, թե ինչպիսի ձեռքբերումներ կարող ենք մենք ստանալ «Էրազմուս+» կարողությունների զարգացման ծրագրերի միջոցով ընթացիկ ծրագրի՝ «Մենվիպրո» ծրագրի շրջանակներում մանրադիտակի ձեռքբերումն է: Ծրագրի ընթացքում ստեղծվելու է մի կենտրեն՝ հետազոտական լաբարատորիա, որտեղ ուսանողները՝ շրջակա միջավայրի ուսումնասիրության նվիրված կրթական ծրագրերի մագիստրոսները, կարող են իրենց գիտական թեզերը իրականացնել եւ պրակտիկ կոմպոնենտը իրենց թեզի մանրադիտակի միջոցով կարող են ուսումնասիրել, հասկանալ բաղադրությունը այն տարրերի, որոնք ուսումնասիրում են՝ լինի դա փոշու հատիկները, թե լինի դա ինչ-որ այլ նյութեր եւ այս մանրադիտակը կարող է բաց լինել նաեւ այլ ոլորտների ներկայացուցիչների առաջ, այդ թվում դատաբժշկական ոլորտի աշխատակիցների կամ քրեական փորձագիտության ոլորտում եւ այլն:
Անի Թորոսյան — Իհարկե «Էրազմուս+» ծրագրի ազդեցությունը տեսանելի դարձնելը Հայաստանի կրթական ոլորտում բարդ է եւ շատ ժամանակ խլող գործընթաց է: Պահանջում է նաեւ բոլոր կողմերի, բոլոր շահառուների ակտիվ ներգրավվածությունը, ակտիվ մասնակցությունը եւ հոգատարությունը, բայց միեւնույն ժամանակ չենք կարող չնշել, որ «Էրազմուս+» ծրագրի շնորհիվ ձեւավորվել է բարձրագույն կրթության բարեփոխողների կրիտիկական մի խումբ, որոնց աջակցելը գրասենյակը իր դերն ու պատասխանատվությունն է համարում: Հուսով ենք, որ «Էրազմուս+» ծրագրի հաջորդ 2021-2027 շրջափուլի ընթացքում ծրագիրն իր հայտնի կարգախոսի համաձայն կշարունակի փոխել հազարավոր շահառուների կյանքը եւ հեղաշրջել նրանց մտածելակերպը: Ինչպես անգլերեն հնչում է՝ «changing lives opening mines»:
2017-ից «Ալիք մեդիա»-Վրաստան թիմի անդամ եմ՝ լրագրող։ Թեեւ Վրաստանի տեխնիկական համալսարանում իրավագիտություն եմ ուսումնասիրել, բայց ինձ համար հետաքրքիր են բոլոր ոլորտներն ու թեմաները։