Հայաստանում եւ Արցախում դեկտեմբերի 19-ին լրանում է ռազմական գործողությունների ավարտի 40-րդ օրը։ Դեկտեմբերի 19-21-ը կհայտարարվի եռօրյա սուգ՝ ոգեկոչելու Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը: Կկազմակերպվեն նրանց նվիրված արարողություններ: Ըստ «Արմենպրես»-ի՝ այս մասին հայտնել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Նրանց անունները հավետ մնալու են մեր սրտերում եւ հայոց պատմության էջերում՝ պարտավորեցնելով մեզ հետագա երթում շարունակել նրանց հայրենանվեր գործը: Ուստի, այն լինելու է ցավի, հպարտության ու պարտավորության սուգ հայ ազգի համար»,- ասված է հայտարարության մեջ: