Նոյեմբերի 9-ից հետո աննախադեպ վիճակ է ստեղծվել Սյունիքում: «Ալիք մեդիա»-ն Սյունիքում ծագած սահմանային հարցերի եւ դրանց արձագանքների մասին զրուցել է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ, Սյունիքի Հայագիտական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր-տնօրեն, Գորիսի պետական համալսարանի դասախոս Մհեր Քումունցի հետ:
— Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված պատերազմն, ըստ էության, փոխանցվել է Հայաստան եւ տարածաշրջան՝ լայն ընդգրկումով: Մասամբ կամ ամբողջապես չլուծվեց արցախյան խնդիրը, այլ, ընդհակառակը, ձեւավորվեց հայկական մի նոր հարց, որտեղ այլեւս առաջնային են պետականության պահպանումը, հայ բնակչության պաշտպանության ու գոյատեւման հարցերը, արտագաղթի ահազանգը: Ոչ միայն պատերազմից առաջ, այլեւ պատերազմի ընթացքում որեւէ քայլ չի կատարվել դեպքերի հետագա ընթացը կանոնավորելու առումով. նահանջը դարձավ փախուստ, զիջումը՝ անիրավահավասար պայմանագիր, բանակցումը՝ թշնամուն մինչեւ վերջ անձնատուր լինելու պատրաստակամություն: Հաճախ պատերազմի հետեւանքներն ավելի դաժան են, քանի ինքը՝ պատերազմը: Ստորագրված փաստաթղթով չի լուծվել Արցախի խնդիրը, ոչ էլ հիմքեր են ստեղծվել հետագա բանակցային գործընթացների համար: Ավելին, պատերազմի ծավալները մեծացել են՝ հասնելով Հայաստան, մասնավորապես Սյունիք: Գիտեք, ողջ պատմության ընթացքում Սյունիքն ու Արցախը նույն ճակատագիրն են ունեցել: Մեր օրերը բացառություն չեն, եւ Սյունիքն ուղղակի կրելու է պատերազմի ամենամեծ հետեւանքները:
Գալով բուն հարցին՝ նշենք, որ Սյունիքում հիմա գծվելու է ոչ թե հայ-ադրբեջանական սահման, այլ դիրքավորման գոտի՝ կանխատեսելի բոլոր հետեւանքներով: Պատերազմին մասնակից որեւէ կողմ գոհ չէ արդյունքներից, ուստի համարեք, որ պատերազմը չի ավարտվել: Այս դեպքում Սյունիքի քաղաքներն ու գյուղերն իսկապես դժբախտ ճակատագիր կունենան, եթե պետական մտածողությունը չվերադասավորվի: Տա՛ Աստված, որ ես սխալված լինեմ, բայց, հետեւելով այսօրվա Թուրքիայի եւ Ադրբեջանի համաթյուրքականացման իդեալներին, հիմքեր են ստեղծվում հայտարարելու՝ Սյունիքում պատրաստվե՛ք պատերազմի: Մեզնից անկախ Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ արտաքին եւ ներքին հնարավոր ճնշումները չեն կարող դառնալ մեր գոյատեւելու ուղենիշը: Ուստի՝ պետք է կամք դրսեւորենք այս պահին ծառացած խնդիրների պետականաշահ լուծման համար:
Ոչ միայն Արցախի, այլեւ Սյունիքի հետ Ադրբեջանի սահմանները երբեք էլ կանոնավոր չեն եղել (առհասարակ Կովկասն ամենախայտաբղետ քարտեզն ունի, եւ նրա ձեւավորումը չի ավարտվել): Հայկական մամուլն այսուհետեւ ամեն օր գրելու է Սյունիքի սահմաններում պատահելիք դժբախտ դեպքերի մասին: Հիշե՛ք՝ ԽՍՀՄ փլուզումից հետո ինչպես էին թիրախավորվում մեր քաղաքներն ու գյուղերը: Դրա հետեւանքով նախկին սահմանամերձ գյուղերից շատերը դատարկվեցին: Չէի ցանկանա քաղաքականացնել ասվածը, բայց արդյո՞ք արցախյան խնդիրը լուծելու կոչված անձինք մտածել են տարրական անվտանգության գոտու մասին: Ո՛չ: Ո՞րն է սյունեցու անվտանգության գրավականը, կյանքի եւ գոյության աղբյուրը: Մենք շարունակում ենք պարտվել, քանի դեռ չի փոխվել բանակցային կողմերի հոգեբանությունը. Ադրբեջանը մինչ մի նոր պատերազմ սկսելը խոսելու է հաղթողի ու պահանջողի դիրքերից, եւ նույն դիրքերից, փաստորեն, գծվելու են Սյունիքի սահմանները:
— Ցավոք, առայժմ պետական որեւէ ծրագիր չկա՝ Սյունիքի ապագային վերաբերող: Ես մի առիթով ասել եմ, հիմա հաստատում եմ, որ փաստացի Սյունիքը պետական հոգածությունից դուրս է: Չկան Սյունիքին վերաբերող ապագայի ծրագրեր: Սյունիքից ընտրված պատգամավորների հիմնական մասը, փաստորեն, անհաղորդ է տեղական խնդիրներին եւ տառապում է իշխանություն պահելու կամ իշխանության անցնելու ազգակործան խնդիրներով: Այս անկայունությունը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում: Համայնքներում ոչ թե սահման են գծում, այլ ընդամենը փորձում են պաշտպանել իրենց, փրկել ամեն մի թիզը, ստեղծել անվտանգության գոտի: Բնակչությունը տեղյակ չէ՝ այդ անիծյալ «հայտարարությունից» բացի գրավոր կամ բանավոր այլ որոշում-համաձայնություն կա, թե՞ ոչ, եւ քանի դեռ բացակայում են պետական ուշադրությունը, պատշաճ տեղեկատվությունը եւ իրազեկումը, համայնքները փորձում են ուղղակի պաշտպանել բնակչությանը: Համայնքապետերի նախաձեռնությամբ հերթափոխով սահման են պահում: Այո՛, իրենք իրենց ընտանիքներն են պաշտպանում, իրենց տներն ու այգիներն են փորձում պահել, բայց արդյոք միջպետական հարցերում իրենք դեր ունե՞ն կամ որեւէ մեկը հարցնելո՞ւ է նրանց կարծիքը սահմանը գծելիս:
— Սահմանազատում կատարելուց հետո ֆիզիկական եւ հոգեբանական բարդ իրավիճակներ են ստեղծվելու Սյունիքում: Օրինակ՝ գյուղատնտեսական առումով (մարդկանց հիմնական զբաղմունքն է) Սյունիքում արտադրողականությունը կրճատվելու է մոտ 50-60%-ով: Սյունիքի հիմնական ճանապարհի մեծ մասը հայտնվելու է թշնամու թիրախում, իսկ որոշ կարեւոր հատվածներ ուղղակի ընդհատվելու են GPS-ով առաջնորդվելու դեպքում: Հազարավոր ընտանիքներ արդեն թշնամուն են թողնելու (թողել) իրենց կեցության հիմնական աղբյուրը՝ այգիներ, գոմեր, արոտավայրեր, ձկնաբուծարաններ, ՀԷԿ-եր, անտառային գոտիներ եւ նույնիսկ տներ: Սահմանից այնկողմ՝ մեր հսկողությունից դուրս են մնալու նաեւ մշակութային կոթողներ, սրբավայրեր (օրինակ՝ Մազրայի եկեղեցին, նրա շրջակայքում գտնվող հայկական գերեզմանավայրերը, Լալազարի կամուրջը, նրան հարակից միջնադարյան 7 բերդերից մոտ 6-ը): Ամբողջ Քաշաթաղը պատմական Սյունիքի ամենակենսունակ, բարեբեր գոտին էր: Նրա հարցը առհասարակ բանակցային որեւէ սեղանի չպիտի դրվեր, եւ բոլորս գիտենք, որ Ղարաբաղի՝ գծագրված եւ Ադրբեջանի կազմում ընդգրկված տարածքը խորհրդանշական է, իսկ Քաշաթաղը մինչեւ 1921-ը եղել է Սյունիքի ուղղակի մի հատվածը եւ կրում է պատմական Սյունիքի հոգեւոր եւ մշակութային ժառանգության պատկառելի մասը՝ Ծիծեռնավանք, Քրոնից վանք, մի խոսքով՝ հազարավոր հուշարձան-կոթողներ: Այն պետք է մնար գոնե անվտանգության գոտի: Բայց կարծես այլեւս ավելորդ է սույն հարցերը բարձրաձայնելը, քանի որ Սյունիքի համար հիմա առավելապես ահագնացել է գոյության խնդիրը, որին, ցավոք, սյունեցին անհաղորդ է, բայց որի անմիջական կրողն է: Ես ապավինում եմ սյունեցու մեր տեսակին, որ կոչվում է հայոց ող:
— Կարճ պատասխանեմ՝ ադրբեջանցիների եւ սյունեցիների համագոյակցությունն անիրատեսական է. այլեւս ԽՍՀՄ գոյություն չունի, կլինեն փշալարեր ու «մահվան գոտի»:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։