Ամերիկյան «The Wall Street Journal» պարբերականը գրում է, որ Թուրքիայի ներխուժումը մի տարածք, որը Կրեմլն ավանդաբար համարում էր իր բացարձակ ազդեցության ոլորտը, խորհրդանշական է։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձում է ՆԱՏՕ-ի անդամ եւ ԱՄՆ-ի երբեմնի հնազանդ դաշնակից Թուրքիան Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Ասիայի ճամփաբաժանում վերածել հզորագույն խաղացողի։
Վերլուծաբանների կարծիքով՝ Պուտինն, ամենայն հավանականությամբ, Անկարային թույլ տվեց Կովկասում ազդեցիկ խաղացող դառնալ՝ Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի միջեւ սեպ խրելու հաշվարկով միայն:
Նույն վերլուծաբանները, սակայն, համարում են, որ Ռուսաստանը հարկադրված է լինելու կատարել Թուրքիայի եւս մի քանի պահանջներ, մասնավորապես՝ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ Հայաստանի տարածքով հիսուն կիլոմետրանոց ճանապարհ ապահովելու հարցում: Այդ միջանցքով անցնող ավտոմայրուղով Անկարայի եւ Բաքվի միջեւ ցամաքային ուղիղ կապ կհաստատվի:
«Թուրքիայի համար դա խոշորագույն հաղթանակ է,-ասում է Ստամբուլի Մարմարա համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր Բեհլուլ Օզկանը:- Դա, թերեւս, վերջին հինգ-վեց տարվա մեջ Թուրքիայի միակ արտաքին քաղաքական հաղթանակն է»: