Ըստ «Արմենպրես»-ի՝ Արցախի էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Արմեն Թովմասյանը հայտնել է, որ Հայաստանից Քաշաթաղի շրջանի տարածքով դեպի Արցախ ձգվող էլեկտրամատակարարման օդային գիծը վերականգնված է։ Նա ասել է նաեւ, որ նման աշխատանքներ նախատեսվում են Արցախի հանրապետության ողջ տարածքում:
«Նախքան պատերազմը Արցախի էլեկտրացանցը Հայաստանից սնվում էր երկշղթա: Երկրորդ գիծն անցնում էր Շահումյանի շրջանով: Այժմ ՀՀ-ից եկող էլեկտրամատակարարման միաշղթա գիծը միանում է Արցախի ընդհանուր ցանցին եւ մոտ 80 տոկոսով ապահովում անհրաժեշտ էլեկտրաէնեգիայով: Պահանջվող եւս 20 տոկոս էլեկտրաէներգիայի ծավալն ապահովում են արցախյան ՀԷԿ-երը: Արցախի 36 ՀԷԿ-երից 30-ն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, ներկայում ցանցին միացված են միայն 6-ը»,-մանրամասնել է Թովմասյանը:
Մարտունու շրջանի կանոնավոր էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ նախարարն ասել է, որ նախկին օդային էլեկտրագծերը մնացել են հակառակորդի վերահսկողությանն անցած տարածքում եւ պահանջվում է շուրջ 40 կլիոմետր երկարությամբ նոր գծի անցկացում: