Ադրբեջանին աջակցելու համար Թուրքիան 1993-ին փակեց Հայաստանի հետ իր սահմանը, սակայն, որդեգրեց զգուշավոր մարտավարություն՝ կենտրոնանալով սոսկ էներգետիկ համատեղ նախագծերի վրա,-գրում է ամերիկյան «The Wall Street Journal» պարբերականը։ Անկարան փորձում էր ե՛ւ խորացնել կապերը Բաքվի հետ, եւ իր քայլերով չհրահրել Կրեմլին՝ միաժամանակ աչքաթող չանելով ադրբեջանական բանակը։
2003-ին, երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սկսեց գլխավորել Թուրքիան, իսկ Իլհամ Ալիեւը Ադրբեջանի նախագահի պաշտոնում փոխարինեց իր հանգուցյալ հորը, այդ մարտավարությունն առավել լայն, բայց նաեւ՝ ռիսկային կիրառում ունեցավ:
Պուտինի գլխավորած Ռուսաստանը, երբ վտանգ կամ սպառնալիք է զգում իր ավանդական տարածքի՝ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների նկատմամբ, ռազմական միջամտությամբ փորձում է կանխել դրանք։
Սակայն, Մոսկվայի հեղինակավոր Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) շրջանավարտ Ալիեւը, փոխզիջման ուղիներ փնտրելով՝ կարողացավ հմտորեն խուսանավել։ Մի կողմից նա ձեռնարկում էր Թուրքիայի տարածքով անցնող գազամուղի շինարարությունը, մյուս կողմից՝ անհրաժեշտ պայմաններ ստեղծում Ադրբեջանի էներգետիկ սեկտորը ֆինանսավորող ռուսական ներդրողների համար:
2009-ին, երբ Անկարան աննկատ ուժեղացնում էր Բաքվի վրա իր ազդեցությունը, Ալիեւը ցույց տվեց, որ ինքն էլ ունակ է ազդելու թուրքական քաղաքականության վրա: Այդ ժամանակ Էրդողանը դիտարկում էր Հայաստանի հետ սահմանի բացման եւ հայկական կառավարության հետ դիվանագիտսկան հարաբերություններ հաստատելու հնարավորությունը, բայց հրաժարվեց այդ ծրագրերից, երբ Ադրբեջանի առաջնորդը սպառնաց սահմանափակել էներգակիրների մատակարարումը Թուրքիային:
Տիրապետելով բավականաչափ քանակի նավթադոլարների եւ օգտվելով Թուրքիայի, Իսրայելի, Ուկրաինայի աջակցությունից, Ադրբեջանը աստիճանաբար ստեղծեց հզորագույն բանակ, որն ընդունակ էր հաղթահարելու տասնյակ կիլոմետրերով ձգվող խրամատները, որոնք հայերը փորել էին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) շուրջը՝ փորձելով անկլավը դարձնել անառիկ:
«Այն ժամանակ Ադրբեջանը համբերատար սպասում էր հարմար առիթի», — ասում է Ստամբուլի Մելտեպե համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի պրոֆեսոր Հասան Ունալը:
Առիթն ընձեռվեց անցյալ տարի, երբ Դավիթ Տոնոյանը՝ Հայաստանի այն ժամանակվա պաշտպանության նախարարը, հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում (Արցախում) թաքնվելու փոխարեն իր երկիրը պետք է հարձակման անցի եւ իրացնի՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» մարտավարությունը: