Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի եւ ֆրանսիացի համանախագահներ Էնդրու Շոֆերը եւ Ստեֆան Վիսկոնտին, ՀՀ-ում ՌԴ ժամանակավոր հավատարմատար Ալեքսեյ Սինեգուբովը հանդիպել են Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ։
Նախարարն՝ իբրեւ հայկական կողմի առաջնահերթություն, ընդգծել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի կարգավիճակի հաստատումը, Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված տարածքների դեօկուպացիան, արցախահայության՝ սեփական բնակավայրեր անվտանգ վերադարձի համար պայմանների ապահովումը, կրոնական եւ մշակութային ժառանգության պահպանումը:
Նա վերահաստատել է հայկական կողմերի սկզբունքային դիրքորոշումը, որ արցախահայության իրավունքների ու շահերի հասցեագրումը պետք է տեղի ունենա նախեւառաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությամբ ընթացող խաղաղ գործընթացի շրջանակում:
Արա Այվազյանը համանախագահների ուշադրությունը եւս մեկ անգամ հրավիրել է Ադրբեջանի կողմից՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները խախտելու վարքագծի վրա: Նախարարի խոսքով՝ վերջինիս ակնհայտ դրսեւորումն էին համանախագահների` տարածաշրջան այցելելու օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում իրականացված սադրիչ գործողությունները: