Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Ադրբեջանում ձերբակալվել են չորս զինծառայողներ, որոնք գլխավոր դատախազության հարուցած քրգործով կասկածվում են Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ռազմական հանցագործություններ կատարելու համար:
«Կասկածյալները մեղադրվում են Զանգելանի շրջանի տարածքում զոհված հայ զինվորականների մարմինները անարգելու, ինչպես նաեւ իրենց գործողությունները հեռախոսով նկարահանելու եւ նշված տեսագրությունները սոցիալական ցանցերում տարածելու համար»,-նշվում է հաղորդագրության մեջ:
«Բոլոր չորս զինծառայողները ձերբակալված են»,- հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:
Դրանից բացի, եւս երկու ադրբեջանցի զինծառայող կասկածվում են Խոջավենդի (Մարտունու) շրջանի հայկական գերեզմանոցներում տապանաքարեր կոտրելու, վանդալիզմի այդ գործողությունները նկարահանելու եւ տեսագրությունները համացանցում տարածելու համար: