Նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ տարածաշրջանում պետք է ապաշրջափակվեն բոլոր տնտեսական ու տրանսպորտային կապերը։ Ճիշտ է, ընդդիմադիր 17 ուժերի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե «այս պահին Թուրքիայի հետ հարաբերության մասին խոսելը երկրորդ կապիտուլյացիան է», այնուամենայնիվ, եթե հայտարարությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնի, կամ խաղաղության հիմնարար պայմանագիր ստորագրվի, պետք է կարեւորվի տարածաշրջանային փակ սահմաններն ու ճանապարհները բացելու պայմանը։
Իհարկե, Արցախյան պատերազմը մեզ համար ավարտվեց ցավալի կորուստներով, եւ միգուցե դեռ վաղ է հետագա ծրագրերի մասին խոսելը, բայց պետք է իրականություն դարձնել գոնե թղթին հանձնված բոլոր պայմանները։ Այս պահին դժվար է ասել՝ որքանով իրականություն կդառնան դրանք, բոլոր դեպքերում տնտեսությունը պետք է դրան պատրաստ լինի, որպեսզի հետագայում անակնկալ կորուստներ չունենանք։
Հայաստանում ամենախոշոր բեռնափոխադրողներից «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը Aliqmedia.am-ի հետ զրույցում ասաց, թե մեր երկրում չկան շատ մասնագետներ, փորձագետներ, որոնք գերազանց պատկերացնում են տարածաշրջանային ենթակառուցվածքներն ու դրանց տնտեսական հնարավորությունները։ Մինչդեռ, նա գտնում է, որ հայտարարության այդ կետը շատ կարեւոր է։ «Դա շատ մեծ թեմա է։ Այս պայմաններում, երբ նման հայտարարության մեջ առանձին կետ է դառնում տրանսպորտը եւ կոմունիկացիան, նշանակում է, որ դա ե՛ւ մեր հակառակորդներն են կարեւորել, ե՛ւ բարեկամները»,- ասում է նա։
Աղաջանյանը սխալ որոշում է համարում ժամանակին տրանսպորտի եւ կապի նախարարության փակումը, եւ գտնում, որ շատ արագ պետք է վերականգնել այդ գերատեսչությունը կամ ստեղծել մի կառույց, որը մասնագետներ կներգրավի եւ ուսումնասիրություններ կիրականացնի, որպեսզի առաջիկայում մեր իշխանությունները հասկանան, թե ինչ է մեզ պետք՝ ինչը պետք է բացել եւ ինչից պետք է հրաժարվել։ Եվ պետք է օր առաջ դուրս գալ պատերազմական շոկից, որպեսզի հետագա տարածաշրջանային պայմանավորվածությունները չշրջանցեն մեր երկրի շահերը։ «Դրա համար առեւտուր է գնալու՝ ինչ տալ եւ ինչ ստանալ։ Հայտարարության ստորագրումից մեկ ամիս է անցել, ի՞նչ ենք արել այդ ուղղությամբ։ Ոչինչ։ Սա ժամանակի հերթական կորուստն է, ինչը մեր վրա թանկ կնստի, եւ հերթական անգամ մենք չենք որոշի թե ինչը բացենք, ինչը՝ ոչ»,- ասում է նա։
Նա հիշում է, որ ավելի քան մեկ տասնամյակ առաջ՝ Ֆուտբոլային դիվանագիտության օրերին, տրանսպորտի եւ կապի նախարարության ու խոշոր տրանսպորտային կազմակերպությունների առջեւ խնդիր դրվեց Հայաստանի համար Վրաստանի նավահանգիստների, երկաթուղու, ավտոմոբիլային ճանապարհների եւ Թուրքիայի նույն հնարավորությունների, սակագների, թողունակությունների համեմատական վերլուծություն անել։ «Լուրջ վերլուծություններ ենք արել եւ դրել կառավարության սեղանին։ Ընդ որում՝ այն ժամանակ, երբ որեւէ փաստաթուղթ չկար ստորագրված, անգամ Ցյուրիխյան արձանագրությունները ստորագրված չէին։ Հիմա բարձիթողի վիճակ է»։
Վերջինս անընդունելի է համարում այն, որ տրանսպորտային ոլորտը ներառվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կազմում։ «Չի կարելի մի երիտասարդ փոխնախարարի վրա դնել այդ ոլորտի համակարգումը։ Ես ոչինչ չունեմ նրա դեմ, բայց կենսաբանին ինչպե՞ս կարելի է նշանակել տրանսպորտային ոլորտի համակարգող, բա մեղք չէ՞ այդ մարդը»,- հարցնում է Աղաջանյանն ու պնդում, որ հնարավոր զարգացումներին ընդառաջ պետք է ոլորտն ու ողջ տնտեսությունը լուրջ նախապատրաստել։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։