Աբրահամ Արծիվյանը 2013-ին Սիրիական պատերազմի պատճառով լքեց երկիրը եւ ընտանիքին ապահով վայր տեղափոխելու նպատակով եկավ հայրենիք՝ Հայաստան:
«Սիրիան եւս թանկ էր ինձ համար, բայց չէի զգում, որ այնտեղի պատերազմն իմն է։ Երկու օտար կողմերի միջեւ կրոնական ու քաղաքացիական բախումներ էին»,-ասում է Աբրահամը:
Հեռացավ պատերազմական երկրից, բայց, ճակատագրի բերումով, հայտնվեց մեկ այլ պատերազմող երկրում: «Ես չեմ ընտրել ծննդավայրս, ոչ էլ ազգային պատկանելիությունս՝ հայ լինելս, բայց հայենիքիս համար կռվի գնալն իմ ընտրությունն էր»։
Հենց այսպիսի տրամադրվածությամբ էլ Աբրահամը որոշեց մասնակցել Արցախյան վերջին պատերազմին։ Չլինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ կամավորագրվելիս որոշ դժվարությունների բախվեց, բայց այդ խոչընդոտները չխանգարեցին։
Սկզբում կռվել է Մարտակերտի շրջանում, հետո տեղափոխվել «Եղնիկներ»: Աբրահամը քառասուներեք օր եղել է կռվի դաշտում։ Պատմում է այդ օրերին իր զգացածն ու ապրածը՝ եւ՛ երջանկություն ու հուզմունք, եւ՛ կորստի ցավ ու տխրություն։ «Ամենաթեժ պահին էլ անեկդոտներ էինք պատմում, կատակներ անում, որ ցրվեինք, ամենավտանգավոր պահերին ծիծաղում էինք, որ հոգեպես չկոտրվեինք»։
Մի գիշեր էլ փոսի մեջ նստած՝ կրակոցների ձայնը խլացրել են երգերով. «Երգում էինք։ Մեկս մյուսի երգի ձայնը որ լսում էինք, հանգստանում էինք, վախը մոռանում եւ ոգեւորում»,-հիշում է Աբրահամը: Նա պատմում է, որ իր ջոկատում շատերը մասնակցել էին նաեւ առաջին Ղարաբաղյան պատերազմին։ Նույնիսկ Թաթուլ Կրպեյանի հետ կռվողներ են եղել, որոնցից անգնահատելի դասեր է ստացել:
Երբ իմացել են նոյեմբերի 9-ի պայմանագրի մասին, սկզբում ամբողջ ջոկատը հուսալքվել է, բայց «Եղնիկների» լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանը ՝ Քյոխը, հրամայել է սթափվել եւ շարունակել կռիվը։
«Ամեն հայ պետք է Քյոխի հետ շփվի, որ զգա՝ ինչ է իրական հայրենասիրությունը»,- ասում է Աբրահամը։
Սիրիահայ երիտասարդն արդեն տանն է. հոգեպես ավելի կայուն վիճակում, քան պատերազմից վերադառնալու առաջին օրերին էր։ Կյանքին այլ աչքով է սկսել նայել։ Ասում է, որ հետագայում, իր երեխաներին մանրամասնորեն պատմելու է պատերազմի եւ իր կողքին կռված հերոսների մասին, ցույց է տալու նկարներ եւ տեսանյութեր՝ փորձելով դեռ վաղ տարիքից զավակների մեջ հայրենասիրություն «ներարկել»։