«Transparency International» կազմակերպությունն ամփոփել է «Վրացական երազանք»-ի կառավարման ութ տարվա արդյունքը: Բոլոր այս տարիներին ոչ կառավարական այս կազմակերպության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են երկրում մասնավոր կառավարման մասին եւ այժմ պատրաստ են բացատրել՝ ինչո՞ւ են Վրաստանը համարում «բռնազավթված պետություն»:
Վրաստանի գործադիր իշխանությունը լիովին մեկ մարդու ազդեցության տակ է: Վերացվել են փոխադարձ զսպման եւ հակակշիռների ժողովրդավարական մեխանիզմները։ Իշխող կուսակցությունն ամբողջովին վերահսկում է դատական իշխանությունը, ինչը TI-ը «մասնավոր գործարքի արդյունք» է համարում։
«Բիձինա Իվանիշվիլին, որը տարիներ շարունակ չի զբաղեցրել ոչ մի պետական պաշտոն եւ հաշվետու չի եղել հասարակության առաջ, կարողացել է Վրաստանի հիմնական պետական ինստիտուտներն, այդ թվում արտաքուստ անկախ մարմինները ծառայեցնել իր բիզնես շահերին եւ անձնական անվտանգությանը». ասված է կազմակերպության զեկույցում:
«Transparency International»-ի բարձրաձայնած թեման շարունակել են նաեւ մյուս ոչ կառավարական կազմակերպությունները: Մասնավորապես, «Կանգնեցրու կոռուպցիան» կազմակերպության ներկայացուցիչ Քեթի Էնուկիձեն հայտարարել է. «Այսօր բարձր պետական պաշտոնները զբաղեցնում են երկիրը փադիշահի պես կառավարող մեկ մարդու մերձավոր շրջապատի մարդիկ: Այդ մարդիկ ոչ մի որակավորում չունեն, նրանք ոչ մի քար չեն դրել այս երկիրը շենացման համար, սրանք մարդիկ են, որոնք չգիտեն էլ՝ ինչ պետք է անել, եւ ինչ է դրա համար անհրաժեշտ»: