Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ Իրանի իշխանությունները վճռականորեն դատապարտել են С-400 հրթիռային համակարգերի ձեռ բերման համար Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին ԱՄՆ որոշումը:
«ԱՄՆ-ն լիովին ի ցույց դրեց պատժամիջոցների նկատմամբ հակումն ու միջազգային իրավունքի հանդեպ անհարգալից վերաբերմունքը». Թվիթերի իր էջում գրել է Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը:
Իր հերթին նույն որոշումը դատապարտել է նաեւ պաշտոնական Բաքուն՝ այն գնահատելով իբրեւ երկակի չափանիշերի դրսեւորում: «Ադրբեջանն, ինչպես միշտ, Թուրքիայի կողքին է եւ աջակցում է միջազգային իրավունքի ու արդարության վրա հիմնված նրա դիրքորոշումը»,-ընդգծել է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Հիշեցնենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին անդամն էր, որը դեռեւս 2017-ին ՌԴ-ից С-400 համակարգեր էր ձեռք բերել: Դեռ այս հոկտեմբերին Էրդողանը հայտարարել էր, որ մտադիր չէ հրաժարվել С-400 համակարգերից, որոնք ԱՄՆ-ը համառորեն պահանջում է վերադրաձնել Ռուսաստանին:
Ի պատասխան ԱՄՆ պատժամիջոցներ կիրառելու մասին որոշման՝ Անկարան հայտարարել էր, որ չի հրաժարվի այն միջոցներից, որոնք անհրաժեշտ կհամարի ազգային իր անվտանգությունն ապահովելու համար: