Նոյեմբերի 9-ին Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտն ազդադարող եռակողմ համաձայնագիրը Իրանում նույնպես հարցեր, տագնապներ ու անհանգստություններ է առաջացրել։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման նման հանգուցալուծումը ստորջրյա խութեր է պարունակում Իրանի անվտանգության ռազմավարական շահերի տեսանկյունից։ Ստեղծված նոր աշխարհա-քաղաքական իրադրությունը չլուծված բազում խնդիրներ է թողել։
Իրանի մոտեցումն այդ խնդիրներին լավագույնս ներկայացնում է իրանական լրատվական կայքերից մեկում հրապարակված վերլուծականը՝ կազմված մեծ մասամբ հարցական նախադասություններով։ Հարցեր, որոնք դեռեւս չունեն պատասխաններ եւ խորացնում են Իրանի մտահոգությունները։
Հարցերի այդ շրջանակն առնչվում է երեք հիմնական կարեւոր գործոնների․
1․ Տարածաշրջան ահաբեկիչների տեղափոխման մասին լուրերի ի հայտ գալու առաջին իսկ օրերից Իրանն այդ առիթով իր մտահոգությունն է հայտնել՝ շեշտելով, որ հյուսիսային սահմանների մոտ դրանք սպառնալիք են ազգային անվտանգության համար։ Եռակողմ համաձայնագրում ոչինչ չի ասվում ահաբեկչական խմբավորումների ներկայության, դրանց տարհանման անհրաժեշտության մասին, իսկ Սիրիայի ու Լիբիայի տարբեր աղբյուրներ վկայում են, որ ահաբեկիչները ոչ միայն շարունակում են մնալ հակամարտության գոտում, այլեւ ծրագրեր են մշակվում նրանց ընտանիքների տեղափոխման ու մշտական բնակության հարցերը կարգավորելու ուղղությամբ։ Իրանի պաշտոնյաները շարունակում են պարբերաբար բարձրաձայնել, որ թույլ չեն տալու Իրանի սահմանների նկատմամբ որեւէ ոտնձգություն եւ ահաբեկիչների դուրս բերումը տարածաշրջանից առաջնահերթություն են համարում։
2․ Համաձայնագրում հիշատակված՝ Ադրբեջանը Նախիջեւանին կապող ու Հայաստանով անցնող նոր ուղու փաստն Իրանի համար առանձին աշխարհա-քաղաքական մտահոգությունների առիթ է։ Առայժմ Ադրբեջանը Նախիջեւանի հետ կապն ապահովում է Իրանի հյուսիսային նահանգներով։ Իրանն այսպիսով վերահսկում է ոչ միայն Ադրբեջանից Նախիջեւան ու Թուրքիա արտահանումները, այլ նաեւ վերահսկում փոխադրումները հակառակ ուղղությամբ։ Նոր ուղու ավելի կարճ լինելու եւ Իրանը շրջանցելու պարագայում երկու հարց դառնում է խիստ մտահոգիչ։ Առաջինը դեպի Կասպից ծով փոխադրումների եւ ռազմավարական կարեւոր այդ տարածքում անվտանգության նոր մարտահրավերների ի հայտ գալն է՝ ի դեմս Թուրքական հնարավոր ներկայության, երկրորդն՝ Իրան-Հայաստան սահմանի ձեւափոխումը։
Ուղին, որը ենթադրում է ցամաքային միջանցք, կարող է Իրանին զրկել Հայաստանի հետ սահմանից, ինչը կնշանակի հարցականի տակ դնել Իրանի՝ Հայաստանով ու Վրաստանով դեպի Եվրոպա մուտք ունենալու հնարավորությունը։
Պետք է հիշել, որ Իրանի նախագահ Ռուհանին Հայաստանն անվանում է Եւրոպայի բանալի, եւ Հայաստան-Իրան սահմանի հարցը դիտարկվում է որպես այդ բանալու լինել-չլինելու հարց։ Ու թեեւ Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին մի հայտարարությամբ պնդել էր, որ համաձայնագիրը Հայաստան-Իրան սահմանի փոփոխություն չի ենթադրում, բայց մանրամասների անհայտությունը թույլ չի տալիս, որ մտահոգությունները փարատվեն։
3․ Ռուս-թուրքական համատեղ ռազմական մշտադիտարկման կետի առկայությունը եւ, համաձայնագրով պայմանավորված՝ ռուս-թուրքական բանակցությունների կարեւորությունը տարածաշրջանում Թուրքիայի դիրքերի փաստացի ամրապնդում է նշանակում։ Այս հանգամանքն՝ Իրանի դիտանկյունից երկու խումբ սպառնալիք է պարունակում։
Նախ, Թուրքիայի զինուժի տեղակայումը Իրանից հյուսիս այդ երկիրը գրեթե ամբողջությամբ շրջափակման մեջ են առնում ՆԱՏՕ-ական զորքերով՝ արեւմտյան ուժերին հավելյալ հետախուզական հնարավորություններ ու հետագա գործողությունների համար հարթակներ տրամադրելով։
Նույն նպատակին են ծառայում նաեւ Ադրբեջան-Իսրայել խորը համագործակցությունը հետախուզական ոլորտում, Ադրբեջանի կողմից օգտագործված եւ օգտագործվող իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերը։ Այս համագործակցությունը կրկնակի վտանգավոր է հատկապես հիմա, երբ, ըստ համաձայնագրի՝ Ադրբեջանը վերահսկողություն ունի Իրանի հետ ողջ սահմանագծի երկայնքով։ Սա Իսրայելին հնարավորություն է տալիս ավելի մեծ շառավղով ուսումնասիրություններ անել Իրանի հյուսիսում։ Անցյալ ամիս սպանվեց իրանցի ֆիզիկոս, միջուկային ծրագրի գլխավոր մասնագետներից Մոհսեն Ֆախրիզադեն։ Նրա սպանության մի վարկած կա, ըստ որի իսրայելական հետախուզությունը սպանությունն իրագործելու նպատակով օգտագործել է արբանյակային տվյալներ եւ անօդաչու սարքեր, իսկ նման դեպքերում վճռորոշ դերակատարում է ունենում նաեւ հետախուզության ոլորտում տարածաշրջանի գործընկերների դերը։
Եվ երկրորդը՝ տարածաշրջանում Թուրքիայի ամրապնդումը մեծացնում է պանթյուրքական նպատակները կյանքի կոչելու հավանականությունը։ Իսկ այդ նպատակների անբաժանելի մասն են նաեւ Իրանի հյուսիսային նահանգների բնակչության «ազատագրման» եւ այդ տարածքներն Իրանից անջատելու ծրագրերը։ Պատահական չէ, որ Բաքվում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցած «հաղթանակի շքերթի» ժամանակ Էրդողանը քնարական զեղմամբ հիշատակեց մի քառատող Արաքսից այն կողմ «բռնի անջատված» եղբայրների մասին։ Թեեւ Իրանի կոշտ արձագանքից եւ Իրանում Թուրքիայի դեսպանի ԱԳՆ կանչվելուց հետո Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարեց, թե Էրդողանը տեղյակ չի եղել այդ տողերի նրբերանգներից, բայց ակնհայտ էր, որ դա Էրդողանի սրտից ու Թուրքիայի որդեգրած քաղաքականության տրամաբանությունից էր բխում։
Նշածս մտահոգությունները Իրանի քաղաքական ու փորձագիտական շրջանակների քննարկման առարկա են դարձել նոյեմբերի 9-ից անմիջապես հետո, իսկ առավել սրվել հատկապես Էրդողանի ծավալապաշտական հայտարարությունների արդյունքում։
Տարբեր վերլուծությունների, մասնագիտական կարծիքների հետ մեկտեղ՝ առանձին միտում է նաեւ իրանական ամենատարբեր թերթերի ու կայքերի էջերում Էրդողանին ու նրա ցանկությունները պատկերող ծաղրանկարների տարածումը։
Թուրքիայի քաղաքականությունը քննադատող քննարկումներ են հայտնվում նաեւ քաղաքական շրջանակներում։ Հակաթուրքական հայտարարություններով է հանդես գալիս հատկապես Իրանի Շազանդ քաղաքի պատգամավոր, Մեջլիսի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքական հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բիղաշը, որ պարբերաբար իր ելույթներով հակադարձում է Էրդողանին ու Թուրքիային, իսկ իր երկրի ԱԳՆ-ից ու գործընկերներից ավելի կոշտ դիրքորոշումներ պահանջում։
Այս պատգամավորի ելույթները, ինչպես նաեւ վերր հիաշատակված ծաղրանկարներն առանձնահատուկ ոգեւորությամբ են տարածվում նաեւ հայկական մեդիայում։ Պետք է հաշվի առնել, սակայն, որ նախ սա ընդդիմադիր պատգամավորի դիրքորոշում է եւ ոչ թե Իրանի մեջլիսի միասնական մոտեցումը, եւ երկրորդ, այսպիսի սուր ելույթներից ու ծաղրանկարներից հետո ԱԳ նախարարությունները ակտիվացնում են իրենց երկխոսությունը եւ առկա տարաձայնությունները քննարկելու հավելյալ հրամայականներ ստեղծում։
Եվ վերջապես՝ թուրք-իրանական սրված հակասություններն ու հնարավոր ռազմական բախման սցենարները տարածաշրջանը նոր անկայունության հորձանուտ են ներքաշելու, որտեղ, վստահաբար, խաղաղության կղզի լինելու հնարավորություն չենք ունենալու։ Հետեւաբար՝ ոգեւորության առիթն այդ անպտուղ եւ վտանգավոր է մեզ համար։
Արեւելագետ-հետազոտողի իմ մասնագիտությունը հուշում է, որ հարեւաններին պետք է ընդունել ոչ միայն իբրեւ ճակատագիր, այլեւ քաղաքական, սոցիալական ու մշակութային երեւույթ, որը պետք է ճանաչել ու հասկանալ։