Բրիտանական «The Guardian» պարբերականին հաջողվել է նույնականացնել Լեռնային Ղարաբաղում (Արցախում) սպանված երկու տարեց անձանց ինքնությունը:
Համացանցում նոյեմբերի 22-ին եւ դեկտեմբերի 3-ին տարածված տեսագրությունում ադրբեջանական բանակի համազգեստավորները գլխատում են հայ տղամարդկանց, այնուհետեւ տղամարդու կտրված գլուխը դնում սատկած կենդանու մարմնին: «Այ սենց ենք վրեժ լուծում՝ գլուխներ թռցնելով», -լսվում է կադրից դուրս ձայնը: Գլխատվածները չէին մասնակցում ռազմական գործողություններին,-գրում է «The Guardian»-ը:
Մադաթաշեն գյուղի երկու բնակիչներ տեսանյութերից մեկում հանձին գլխատվողի ճանաչել են 69-ամյա Գենադի Պետրոսյանին, որն Արցախ էր տեղափոխվել 1988-ին Սումգայիթից: Գյուղի բնակիչ Էդուարդ Հայրապետյանն ասում է, որ վերջին անգամ Գենադին իրեն զանգահարել է հոկտեմբերի 28-ին ու հայտնել, որ գյուղ մտնող «թշնամական ուժեր է տեսնում»:
Պետրոսյանին ճանաչել է նրա դիմացի հարեւան, գյուղի դպրոցի տնօրեն Գայանե Պետրոսյանը: Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ Պետրոսյանն անհետ կորած 35 անձանց ցանկում էր:
Պարբերականը գրում է, որ դեկտեմբերի 7-ին տելեգրամ ալիքներում հայտնված տեսանյութում ադրբեջանական բանակի համազգեստով երկու զինվորական տարեց տղամարդուն ճզմում են գետնին եւ սկսում են կտրել զոհի կոկորդը: Շուտով տեսագրությունն ընդհատվում է:
Ազոխ գյուղի երեք բնակիչներ էլ 29-վայրկյանանոց տեսանյութում հանձին գլխատվողի ճանաչել են 82-ամյա Յուրի Ասրյանին։ Գյուղի նախկին ղեկավար Գեորգի Ավեսյանի պնդմամբ՝ նա հոկտեմբերի 20-ին հրաժարվել էր լքել գյուղը, որը մի քանի օրից անցել էր ադրբեջանցիներին:
Այն, որ տեսանյութում հենց Ասրյանն է, հաստատել են օմբուդսմեն Բեգլարյանը, իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանն ու Ասրյանի ազգականուհին:
Ինչպես արդեն նշել ենք, Amnesty International-ը ստուգված քսաներկու հոլովակներում հայտնաբերելով գերիների գլխատման, դիերի անարգման եւ այլ դեպքեր, դատապարտել էր Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերին՝ ԼՂ-ում պատերազմական գործողությունների ընթացքում գործած ռազմական հանցագործությունների համար: Հոլովակներից տասնմեկում արձանագրվել են խախտումներ հայկական, յոթում՝ ադրբեջանական ուժերի կողմից:
Դեկտեմբերի 14-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնեց չորս զինծառայողների ձերբակալության մասին: Հետաքննությամբ պարզվել է, որ Ռաշիդ Ալիեւը եւ Հարդաշխան Աբիշեւը Զանգելանի շրջանում մարտերի ժամանակ անարգել են զոհված հայ զինծառայողների մարմինները, իսկ Արզու Հուսեյնովն ու Ումիդ Աղաեւը՝ Մադատլի գյուղում հայկական գերեզմանոցում տապանաքարեր են կոտրել:
Չժխտելով հայերի կողմից եւս ադրբեջանցի զինվորների մարմինների անարգման հնարավոր դեպքերը, կարծում ենք, որ Amnesty International-ի դիտարկումներում կարող են թյուրիմացություններ լինել։ Բանն այն է, որ այդ հոլովակներից շատերը տեղավորվելով Բաքվի քարոզչամեքենայի տրամաբանության մեջ՝ ադրբեջանական պետպատվերի նմուշներ են։ Քառասունչորս օր տեւած պատերազմի ընթացքում բազմիցս արձանագրվել է, որ ՊԲ համազգեստով եւ հայերեն մի քանի բառ փոխանակող ադրբեջանցիները հաճախ են փորձել յուրային ներկայանալ՝ շփոթության մեջ գցելով հայ մարտիկներին։ Ազատված ռազմագերիների վկայությամբ, հակառակորդը շատ դեպքերում հաջողել է: Հետեւաբար՝ ի՞նչն էր խանգարում ադրբեջանցիներին կոստյումային տրագիֆարս բեմադրել հենց ռազմի դաշտում՝ համացանցում հիմարաբար հայտնված յուրայինների դաժանությունները հավասարակշռելու նպատակով: