Մոտ մեկ ամիս ՊՆ–ի ու կառավարության շենքերի մոտ ակցիաներ անող անհետ կորած զինծառայողների ծնողներն ու հարազատները շարունակում են գործուն քայլեր պահանջել իշխանություններից։ Նրանք անգամ նամակով դիմել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Արմենիա Sputnik կայքը գրում է, որ ՀՀ ՊՆ դարպասների մոտ, ոստիկանության մեծ ուժեր են կուտակվել, քանի որ անհետ կորած զինծառայողների վրդովված հարազատները որոշել են ամեն գնով ներս մտնել։ Մի տղամարդ ոտքով կոտրել է անցակետի ճաղավանդակը, մյուսները փորձել են կոտրել նաեւ անցակետի դռան ապակին։ «Բացեք դուռը, մարդավարի խոսենք»,-բորբոքված ասել է ծնողներից մեկը։ Ոստիկանները նրանց արգելել են ներս մտնել։ Կանայք ոստիկաններին հորդորել են չմիջամտել:
Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը համաձայնել են հանդիպել անհետ կորած զինծառայողների հարազատների մի խմբի հետ։ Ըստ Sputnik Արմենիայի թղթակցի՝ հանդիպումն արդեն սկսվել է։