Չեխական «Արնիկա» կազմակերպության եւ հայաստանյան «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Հանուն Թումանյանի տարածաշրջանի մաքուր զարգացման» առցանց համաժողովը, որին մասնակցել են ինչպես չեխական, այնպես էլ Հայաստանի բնապահպանական ոլորտի հասարակական գործիչներ, ՀՀ ՇՄ նախարարության ներկայացուցիչներ։ Ներկայացվել են կազմակերպությունների կողմից Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքում 2020 թվականին իրականացված հետազոտության արդյունքները։
Ախթալա համայնքի բնակավայրերի տարբեր տարիքային եւ սեռային խմբերի բնակիչներից վերցված նմուշները հետազոտվել են Չեխիայի Ուստի-նադ-Լաբե քաղաքի հասարակական առողջության ինստիտուտի հավատարմագրված լաբորատորիայում։ Դրանցում հայտնաբերվել է ծանր մետաղների, քիմիական վտանգավոր տարրերի, մասնավորապես մկնդեղի բարձր պարունակություն։ Մինչ այդ համատեղ ուսումնասիրվել էին տարածաշրջանի տարբեր հատվածներից վերցված հողի, գետերի ջրի ու սննդամթերքի նմուշները, որոնցում հայտնաբերվել էին ծանր մետաղների սահմանային թույլատրելի քանակը (ՍԹՔ) մի քանի անգամ գերազանցող պարունակություններ։
Համաժողովի մասնակիցները ներկայացրել են նաեւ մեր երկրի այլ շրջաններում անպատասխանատու հանքարդյունաբերության ծանր հետեւանքների մասին խոսուն տվյալներ եւ արձանագրել Հայաստանում, պետական մակարդակով հանքարդյունաբերության հետեւանքով շրջակա միջավայրին ու մարդու առողջությանը հասցվող վնասների համալիր ուսումնասիրության, ինչպես նաեւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։