Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռուսական С-400 ՀՕՊ համակարգի ձեռքբերման պատճառով Անկարայի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցները անհամատեղելի են իրենց դաշնակցային հարաբերությունների հետ։ Դրանք նա որակել է Թուրքիայի ինքնիշխանության վրա հարձակում եւ ճնշում գործադրելու եղանակ:
Հիշեցնեք, որ դեկտեմբերի 14-ին ԱՄՆ իշխանությունները «Պատժամիջոցներով Ամերիկայի թշնամիներին հակազդելու մասին» (CAATSA) օրենքի շրջանակներում որոշել են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրի եւ այդ երկրի եւս երեք քաղաքացիների նկատմամբ։
Պետքարտուղար Փոմփեոն հայտարարել էր, թե պատժամիջոցները հստակ ազդանշան են, որ ԱՄՆ-ը չի հանդուրժելու Ռուսաստանի պաշտպանական եւ հետախուզական սեկտորների հետ գործարքները:
«Երեկ ԵՄ-ն մեզ սպառնաց նոր պատժամիջոցներով, հիմա էլ՝ ԱՄՆ-ը… Մինչև օրս CAATSA-ն ՆԱՏՕ-ի ոչ մի անդամի հանդեպ չի կիրառվել՝ բացի մեզանից: Դա՞ է դաշնակցային հարաբերությունը: Դա՞ է դաշինքը: Ի՞նչ հիմքով: Թուրքիան ՌԴ-ից С-400 է ձեռք բերել: Իսկ Թուրքիան ձեզնից ՀՕՊ համակարգեր չի՞ խնդրել»,- հայտարարել է Էրդողանը:
Ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունն էլ հավելում է, որ Էրդողանի ելույթի ընթացքում ցուցադրվել է թուրքական «Ասելսան» եւ «Ռոկետսան» կոնցեռների մշակած Hisar A+ ՀՕՊ համակարգերի մասին պատմող հոլովակ: