«Արմենպրես»-ը հայտնում է, որ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի ձեռնարկած քայլերի արդյունքում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մերժել է Ադրբեջանի կառավարության՝ սույն թվականի սեպտեմբերի 29-ին կիրառված միջանկյալ միջոցը վերացնելու մասին պահանջը: Դրա մասին տեղեկացրել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը:
«Մասնավորապես, Եվրոպական դատարանը հաշվի է առել այն, որ հատկապես գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության համար միջանկյալ միջոցի կիրառման պահանջները եւ դրանք հիմնավորող ապացույցները շարունակվում են ներկայացվել ընդդեմ Ադրբեջանի:
Եվրոպական դատարանն ընդգծել է նաեւ, որ Ադրբեջանը պարբերաբար չի ենթարկվել այդ անձանց վերաբերյալ դատարանի՝ համապատասխան տեղեկություններ տրամադրելու պահանջներին:
Այսպիսով, Եվրոպական դատարանը գտել է, որ իր որոշումները վերացնելու կամ դրանց գործողությունը կասեցնելու հիմքեր չկան եւ ՄԻԵԴ-ը շարունակելու է քննել միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ ներկայացված պահանջները։
Դեռեւս սեպտեմբերի 29-ի որոշմամբ Եվրոպական դատարանը Ադրբեջանին կոչ էր արել զերծ մնալ այնպիսի միջոցներից, մասնավորապես ռազմական գործողություններից, որոնք կարող են վտանգել քաղաքացիական բնակչության կյանքն ու առողջությունը: