Ռուսական «Կավկազսկի ուզել» պարբերականը գրում է, որ վրացի քաղաքագետները հոռետեսորեն են ընդունել Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի, Վրաստանի եւ Հայաստանի մասնակցությամբ Հարավային Կովկասում անվտանգության ապահովման հարթակի ստեղծման Էրդողանի նախաձեռնությունը: Նրանց կարծիքով, նման հարթակն անհնար է առանց Եվրամիության եւ ԱՄՆ-ի, իսկ Վրաստանի մասնակցությանը խոչընդոտում են ՌԴ-ի հետ տարաձայնություններ:
«Տարածաշրջանային անվտանգության հարթակը չի կարելի սահմանափակել եւ դրանում՝ թեկուզ դիտորդի կարգավիճակով, պետք է ներկայացված լինեն ԵՄ-ն ու ԱՄՆ-ը»,-կարծում են «Վրաստանի ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների հիմնադրամի» փորձագետ Կախա Գոգոլաշվիլին եւ ռազմաքաղաքական գիտությունների դոկտոր Վախթանգ Մաիսայան: Գոգոլաշվիլին ուշադրության է հրավիրում այն հանգամանքի վրա, որ երկրներից երեքն՝ Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան, առաջարկվող ձեւաչափով օժտված են վիթխարի ներուժով եւ մեծ պաշարներով:
Պաշտոնական Թբիլիսին առայժմ չի արձագանքել Էրդողանի նախաձեռնությանը
«Նման փակ ձեւաչափը Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի նման փոքր երկրների շահերին երբեք չի ծառայի: Նրանց բանը բուրդ է: Գործընթացներից ոչ մի դեպքում չի կարելի մեկուսացնել ժողովրդավարական երկրներին եւ միջազգային կազմակերպություններին: Թեեւ Եվրամիությունը տարածաշրջանում լուրջ խաղացող է, նրան ուզում են հեռացնել այդ ձեւաչափից, իսկ ԱՄՆ-ն ընդունակ է պաշտպանելու շատ երկրների շահերը»,-ասում է Գոգոլաշվիլին:
Նա վստահ է, որ համագործակցության առաջարկվող ձեւաչափը հազիվ թե ինչ-որ ազդեցություն ունենա Վրաստան-ՆԱՏՕ հարաբերությունների եւ հյուսիսատլանտյան դաշինքի անդամակցության հեռանկարի վրա: Սակայն, ինչպես նշում է քաղաքագետը, ապագա միավորման երկու երկրները՝ Իրանն ու Ռուսաստանը թշնամաբար են տրամադրված ՆԱՏՕ-ի հանդեպ: Այս տեսակետի հետ համաձայն է նաեւ «Եվրոպական արժեքների ինստիտուտի» համահիմնադիր Մամուկա Ժգենտին։ Նրա կարծիքով՝ միմյանց հետ համագարծակցելու համար նշված երկրների միջեւ չափազանց շատ տարաձայնություններ կան:
Ըստ Գոգոլաշվիլու, Թուրքիան թեեւ միշտ կողմ է եղել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը, բայց իրեն ինչպես կդրսեւորի՝ դաշինքին Վրաստանի անդամակցության մասին որոշում ընդունելիս՝ հայտնի չէ:
Դրանից բացի, Վրաստանը չպետք է համաձայնի լինել տարածաշրջանային անվտանգության հարցերի քննարկման ձեւաչափում, որին մաս է կազմում Ռուսաստանը, քանի որ վերջինս ճանաչել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի անկախությունը եւ այնտեղ տեղակայել իր զորքերը:
«Երբ օրակարգ մտցվի վեց երկրների միավորմանը մասնակցելու հարցը, Վրաստանը պիտի առաջ քաշի Աբխազիայից եւ Հարավային Օսիայից ռուսական զորքերի դուրսբերման խնդիրը. այդպիսով ձեւաչափը կդադարեցնի գոյությունը, քանի որ այնտեղ կլինի այդ հարցը արգելափակող ՌԴ-ն: Իսկ առանց Վրաստանի նման հարթակ չեն ստեղծի»,-կարծում է փորձագետը:
Նույն կարծիքին է հիմնադրամի մեկ այլ քաղաքագետ՝ Գեորգի Բադրիձեն, ըստ որի, ՌԴ-ի հետ համագործակցությունը հնարավոր է Վրաստանի ինքնիշխանության հարցում տարաձայնությունների բացակայության պայմաններում:
Կախա Գոգոլաշվիլին էլ վախենում է, որ հարթակ ստեղծելու նախաձեռնությունը կապված է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) իրավիճակի հետ եւ նման դեպքում դա կարող է հանգեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման փորձի:
«Ցանկալի է, որ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) խնդիրը լուծվի այդ երկրների շրջանակում։ Թուրքիան ու Ռուսաստանը վճռել են ավարտին հասցնել պատերազմը, բայց հակամարտությունը դեռ լուծված չէ: Հավանաբար որոշել են Վրաստանին ավելի ուշ ընդգրկել՝ առերեւույթ տպավորություն ստեղծելու համար, որ դա խաղաղության հարթակ է ամբողջ Հարավային Կովկասում»,-շեշտել է փորձագետը:
Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ հարթակի նախաձեռնությունը առաջ է քաշվել Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ռազմական գործողությունների դադարեցումից հետո:
«Ադրբեջանն ու Թուրքիան հիմա պիտի համագործակցեն Հայաստանի հետ՝ այդ հարցի երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ: ԼՂ խնդրի կարգավորումը դեռ չի նշանակում՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ երկկողմ հարաբերությունների կարգավորում: Տարածաշրջանի համար օգտակար կլինի, եթե նրանք հասնեն փոխըմբռնման ու խաղաղության համապարփակ պայմանագիր կնքեն, այդ ժամանակ էլ կխոսենք տարածաշրջանում առաջընթացի մասին»,- եզրափակում է Բադրիձեն: