Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ Սլովակիայի վարչապետ Իգոր Մատովիչը Բրատիսլավայի Expres ռադիոալիքի եթերում փախվարչապետ, էկոնոմիկայի նախարար Ռիխարդ Սուլիկին «ապուշ» է անվանել եւ կոչ արել նրան անհապաղ պաշտոնանկ լինել: Պարզվում է՝ Սլովակիայի վարչապետին բարկացրել է այն, որ երկրում բնակչության զանգվածային ախտորոշման համար չկան հակամարմիններ հայտնաբերող անհրաժեշտ քանակի թեստեր:
«Ինձ համար հաճելի չէ, որ մեր էկոնոմիկայի նախարարն ապուշ է,եւ ընդունակ չէ մեծաքանակ թեստեր ձեռք բերելու: Միգուցե ես չար վարչապետ եմ, բայց նման երեւույթը մտադիր չեմ հանդուրժել: Ախր նա նույնիսկ չի էլ փորձել մեծաքանակ թեստեր ձեռք բերել: Նրա համար մարդկային կյանքը ոչինչ չարժե: Ես այդ մտքից սրտխառնուք եմ զգում, ուղղակի լացս գալիս է»,-խոստովանել է Սլովակիայի վարչապետը՝ հույս հայտնելով, թե նախարարը մինչեւ Սուրբ Ծննդյան տոները հրաժարական կտա:
Վարչապետ Մատովիչի եւ «Ազատություն եւ համերաշխություն» կուսակցության առաջնորդ, փոխվարչապետ Սուլիկի միջեւ՝ փոխադարձ կշտամբանքներով լի տարաձայնությունները սկսվել էին դեռ երեք ամիս առաջ: