Արցախյան պատերազմի օրերին, երբ հայտնի դարձավ, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, մեկնաբանություններ հնչեցին, որ հարեւանից ապրանք գնելով՝ ֆինանսավորում ենք, մեր դեմ օգտագործվող՝ նրանց ռազմական արտադրությունը։ Հայաստանում որոշվեց հունվարի 1-ից արգելել այդ երկրից ներկրումը։ Շուկայում ու խանութներում հախուռն կերպով անգամ դադարեցվեց կամ նվազագույնի հասցվեց թուրքական ապրանքի իրացումը։
2019-ին Թուրքիայից ներկրվել է 268 մլն դոլարի մոտ 700 անուն ապրանք՝ հագուստ, կոշիկ, շինանյութ, սարքավորումներ, կենցաղային տեխնիկա, որոշ չափով՝ նավթ ու նավթամթերք, ցիտրուս, այլ մրգեր, բանջարեղեն եւ այլն։ Հայաստանի արտահանման կառուցվածքում Թուրքիայի տեսակարար կշիռը 2019-ին եղել է ընդամենը 0.1 տոկոս կամ 2,2 մլն դոլար, այսինքն Թուրքիան ՀՀ-ից գրեթե ներմուծում չի արել։ Մինչդեռ նրան է բաժին հասել մեր ներմուծման գրեթե հինգ տոկոսը, ինչը մի երկրի կտրվածքով ցածր ցուցանիշ չէ։
Թուրքիայից ներկրման հարցը միշտ է եղել քննարկման թեմա, եւ հիմնական բացատրությունն այն է, որ թուրքական ապրանքը գին-որակ հարաբերակցության մեջ մրցունակ է։ Բացի այդ ներկրելը հեշտ է, քանի որ մոտ է աշխարհագրորեն։
«Ապավեն» բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը գտնում է, որ այդ երկրից սննդամթերքի ներմուծումն անվտանգության նկատառումներով պետք էր արգելել պատերազմի առաջին իսկ օրից։ Մյուս ապրանքների դեպքում ճիշտ էր ժամանակ սահմանելը։ Նրա համոզմամբ՝ չկա Թուրքիայից ներմուծվող որեւէ ապրանք, որը հնարավոր չլինի փոխարինել այլ երկրների, օրինակ, Չինաստանի կամ Արեւելյան Եվրոպայի արտադրանքով։ «Այնպես չէ, որ եթե դադարեցնենք Թուրքիայից ներմուծումը, շուկայում մեծ դեֆիցիտ կունենանք»։
«Ոչ ոք չի կարող ասել, թե Թուրքիայից եկած ապրանքները միշտ ավելի էժան են, պարզապես ավելի հեշտ է այնտեղից ներկրելը։ Նույն արժեքով նույն ապրանքը կարող եք գտնել եւ՛ Չինաստանում, եւ՛ Արեւելյան Եվրոպայում։ Պարզապես նրանց [թուրքերի] հետ աշխատելը հեշտ է. արեւելյան շուկա է։ Բայց վերջին հաշվով կա ազգային արժանապատվության հարց»,- ասում է Աղաջանյանը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը կարծում է, որ Թուրքիայից ներմուծման արգելքը կարճաժամկետ կտրվածքով միգուցե խնդիրներ առաջացնի, բայց նաեւ վստահ է, որ մեր գործարարները շատ արագ կկողմնորոշվեն ու թուրքական ապրանքը կփոխարինեն այլ երկրներից ներկրումներով։ «Որոշ ապրանքներ, օրինակ՝ կենցաղային տեխնիկան, կարելի է ներկրել Արեւելյան Եվրոպայի երկրներից, Չինաստանից, ինչու չէ նաեւ՝ ԵԱՏՄ-ից։ Չէ՞ որ բրենդային շատ ընկերություններ իրենց արտադրությունը կազմակերպում են ինչպես Թուրքիայում, այնպես էլ այդ երկրներում։ Հագուստն, օրինակ՝ կարելի է ներկրել Չինաստանից»։
Ըստ Պապոյանի՝ իշխանությունների այդ որոշումը տեղական արտադրանքի ավելացման ու զարգացման ազդակ պետք է լինի։ Հայկական արտադրության (հագուստ, կոշիկ, շինանյութ) որոշ տեսակներ, ինչպես նաեւ գյուղմթերքը կարող են ամբողջությամբ փոխարինել թուրքականին։ Միաժամանակ պետք է նկատել, որ թուրքական ապրանքի տեսակներից շատերի արտադրությունը Հայաստանում բավարար չափով զարգացած չէ։ Պապոյանը գտնում է, որ տեղական արտադրողն արդեն պետք է նոր եւ գիտելիքահեն տեխնոլոգիաներ ներդնի։
«Գյուղատնտեսության մեջ աշխատողը Հայաստանում տասն անգամ ավելի անարդյունավետ է, քան Դանիայում եւ տասնութ անգամ՝ քան Իսրայելում։ Մենք պետք է բարձրացնենք արդյունավետությունը արտադրության բոլոր ոլորտներում»,- ասում է պատգամավորը։
Պապոյանը հույս ունի, որ թուրքական արտադրանքի ներմուծման արգելքը պետք է ռազմավարական խթան լինի տեղական արտադրության համար։ «Եթե մեր երկրում արտադրությունը չի զարգանում, մենք չենք կարող ՀՆԱ-ի կտրուկ աճ արձանագրել։ Տեղական արտադրողը պետք է օգտվի հնարավորությունից, եւ ինքը զբաղեցնի ազատված շուկան, հասկանա, որ էքստենսիվ տնտեսությամբ, էքստենսիվ արտադրությամբ ու տեխնոլոգիական եղանակներով մենք հաջողության չենք կարող հասնել»։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։