Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղից քսանյոթամյա Սոս Մուքելյանը Արցախյան երրորդ պատերազմին մասնակցել է որպես պահեստազորային ծառայող: Սոսն ամուսնացած է, ունի մեկ երեխա: Ինչպես ինքն է ասում՝ հստակ զբաղմունք չունի։
«Երբ զանգեցին ու ասացին, որ պիտի գնամ պատերազմ, ընտանիքիս անդամները, հաշվի առնելով սահմանից եկող լուրերը, ծանր տարան էդ փաստը: Նույնիսկ փորձում էին ետ պահել, չնայած հպարտության զգացում էլ ունեին: Բայց ես պիտի գնայի իմ բաժին կռիվը տալու ու … գնացի»,-պատմում է Սոսը:
Պատերազմի սկզբում կռվել է Արցախի Հանրապետության Իշխանաձոր գյուղի տարածքում: «Տարածքին ծանոթ չլինելու, հրամանատար չունենալու պատճառով զորքն այնտեղ խուճապի մատնվեց ու մասնատվեց: Ես էլ հայտնվեցի Կապանի շրջանի Դավիթ Բեկ գյուղում ու միացա տեղի ինքնապաշտպանական ջոկատին: Հիմա էլ էստեղ եմ ու մասնակցում եմ սահմանների պաշտպանությանը: Էդ ժամանակ թշնամին դեռ գտնվում էր զգալի հեռավորության վրա, ու մեզ մոտ համեմատաբար հանգիստ էր. սա գոնե հնարավորություն էր մինչ այդ տեսածս մարսելու համար: Շուտով թշնամին հասավ Կուբաթլու, եւ սկսվեց մեր դիրքերի ու Դավիթ Բեկ գյուղի ռմբակոծությունը: Միայն մի քանի ժամում մոտավորապես տասը-տասներկու արկ ընկավ անմիջապես գյուղի մեջ, քսանից ավելի՝ գյուղի մերձակայքում, երեւի երեսունհինգ-քառասուն հատ էլ՝ մեր դիրքերի վրա»,-հիշում է նա եւ ասում, թե իր մասնակցությամբ հերոսական դրվագներ չեն եղել, եթե լինեին էլ, միեւնույն է, չէր պատմելու:
Մինչեւ ռազմի դաշտ գնալը պատերազմի մասին Սոսի պատկերացումները հիմնված են եղել իր լսած ու կարդացած պատմությունների վրա: «Արցախյան առաջին պատերազմի տարիներին մեր գյուղում եւս ինքնապաշտպանական մարտեր են եղել: Հայրս էլ է մասնակցել ու վիրավորվել: Շատ բաներ էլ հորս պատմածով էի պատկերացնում: Մտածում էի, որ կռվի դաշտում որոշակի հեռավորության վրա տեսնելու եմ թշնամուն, փոխհրաձգություն է լինելու, նահանջ, առաջընթաց, դիրքերի բարելավում, դիրքերի կորուստ… Բայց սրանք ուղղակի պատկերացումներ էին. թշնամուն չէի տեսնում, միայն արկերի ձայնն էի լսում ու, խրամատում պառկած (եթե էն բախտավորներից ես, որ խրամատ ունես), փորձում էի գուշակել, թե որքան հեռու կընկնի, մտածում էի՝ գոնե մեջքիս չընկնի, գոնե մի քանի մետր հեռու ընկնի, գոնե միայն վիրավորվեմ…»:
Սոսի կարծիքով մեր պարտության պատճառը ժամանակակից հրետանային, հրթիռային ու օդային պատերազմին անպատրաստ լինելն էր: Կհաղթեինք, եթե հետեւակային պատերազմ լիներ: Հիմա էլ պիտի միասնական դառնանք ու պատրաստվենք նրան, ինչին մինչ այժմ չէինք պատրաստվել:
«Երբ իմացա պատերազմը դադարեցնող փաստաթղթի մասին, մտածեցի`վերջ, հազարավոր կյանքեր փրկվեցին, որովհետեւ եթե շարունակվեր, ավելի ու ավելի շատ զոհեր էինք ունենալու, ներկայիս վիճակից ավելի անմխիթար ու անբարենպաստ վիճակում էինք հայտնվելու…»,-մեր զրույցն ամփոփում է Սոսը: