Պատերազմի հետեւանքն ու դրա ազդեցությունը, թվում է՝ ամենաքիչը պետք է զգան երեխաները, քանի որ դեռ ունակ չեն ամբողջ տարողությամբ գիտակցելու կատարվածը, բայց կլինիկական հոգեբան Տաթեւ Նահապետյանի կարծիքով՝ խոցելի խմբում հենց երեխաներն են, եւ շատ հաճախ անտեսվում է նրանց հոգեկան վիճակը։
Տաթեւը պատերազմի ընթացքում աշխատել, այժմ էլ շարունակում է աշխատել արցախցի փոքրիկների հետ՝ նրանց բնութագրելով շատ ինքնատիպ, հոգեպես ուժեղ եւ կամային։
«Տպավորիչ էր քույր ու եղբոր էմոցիոնալ կապվածությունը․ ընդամենը 1-2 տարի էր մեծ եղբորից, բայց այնպես էր հոգ տանում, խնամում հնգամյա եղբորը, որն օրերով ոչինչ չէր ուտում եւ լաց էր լինում: Հայրը ռազմաճակատում էր, իսկ բժշկուհի մայրը մնացել էր Արցախում: Վեց տարեկան մի տղա էլ հոյակապ նկարում էր, ապշելու կամք ուներ։ Բոլոր նկարները կարմիր էին, եւ բոլորի մեջ էլ հայրն էր զինվորական հագուստով, երբ ծանոթացանք, ասաց․ «Խաղալիքներս թողալ եմ, բայց կարմիր մատիտս պիրալ եմ հետս»: Իսկ տասնամյա մի գեղեցկուհի աղջիկ կակազում էր եւ ջղաձգվում․ պայթյունների ձայների վախից էր խնդիրն առաջացել: Կակազելու պատճառով երեխաներն իր հետ այստեղ չէին շփվում։ Մի օր ասաց․ «Ես այնպես կանեմ, որ մտածեն՝ դա խոսելու նոր ձեւ է, եւ իրենք վատ կզգան, որ չգիտեն»։ Իսկապես շատ առանձնահատուկ եւ բացառիկ տեսակ են»․ պատմում է նա։
Տաթեւ Նահապետյանին խնդրեցինք պարզաբանումներ տալ պատերազմական իրավիճակներում հայտնված երեխաների հոգեկան վիճակի եւ նրանց հետ աշխատելու առանձնահատկությունների մասին։
«Եթե երեխան պատերազմի անմիջական մասնակից չի էլ եղել, միեւնույն է, հեռվից կրակոցների ձայնը, մշտական տագնապն ու լարվածությունը, բացասական ինֆորմացիայի հոսքը հետք են թողնում նրա առողջության վրա, որը, հնարավոր է, այդ պահին որեւէ կերպ չարտահայտվի, կարող է հետագայում գլուխ բարձրացնել։
Տարիքային տարբեր խմբերում սթրեսային վիճակը յուրովի է արտահայտվում։ Մինչեւ երեք տարեկանների մոտ այն սովորաբար դրսեւորվում է քողարկված տարբերակով՝ անհանգստությամբ, քնի խանգարումներով, տրամադրության անկումով: Ավելի մեծ տարիքում, երբ երեխան առավել լավ է պատկերացնում իրավիճակը, սրվում են տագնապային զգացողությունները, վախերը․ սնման խանգարումներ, մղձավանջներ, եղունգ կրծել, ինքն իրեն ցավեցնել, կծել մյուսներին։
Տարիքային առանձահատկությունները հաշվի առնելով՝ շատ կարեւոր է ճիշտ տեղեկություն տրամադրել երեխային պատերազմի մասին։ Օրինակ՝ հինգ-վեց տարեկանում երեխայի ակտիվ երեւակայության շրջանն է, ամեն բան շատ պատկերավոր է ընկալում, եւ հարկավոր է խոսել նրան հասկանալի բառապաշարով, չօգտագործել բարդ բառեր, չխորանալ մանրամասների մեջ՝ նկարագրելով սարսափելի տեսարաններ, գերիներ եւ այլն, լավ կլինի խոսել զինվորի հաղթական ոգու մասին:
Շատ ծնողներ երեխայի այն հարցին, թե ուր է գնացել հայրը, եղբայրը, պատասխանում են՝ որեւէ հեռու երկիր, շուտով կվերադառնա, սակայն պետք է ազնիվ լինել երեխայի հետ, իրականությունը ներկայացնել։
Ինչ վերաբերվում է կորստին, հասկանալի է՝ ծայրահեղ ծանր է բացատրել երեխային, թե ինչ է կատարվում: Լավ կլինի դա անել, երբ փոքր-ինչ հավասարակշիռ վիճակում են եւ կարող են էմոցիաները վերահսկել: Եթե անգամ չեն ներկայացնում, միեւնույն է, երեխան հասկանում է․ այդ լարվածությունը, անհանգիստ վիճակը, տան տարօրինակ անցուդարձը, մահացածի նկարը եւ այլն ազդում են նրա կայուն հոգեվիճակի վրա:
Երբ երեխային ասում են` հեռու տեղ է գնացել հայրը, կգա, նրա ենթագիտակցության մեջ մի միտք է պտտվում անվերջ՝ ուրեմն էլ ինձ չի սիրում, ինձ լքել է: Եվ նման դեպքերում երեխան սկսում է «առեւտրի» փուլում ապրել, որն անդադար շարունակվում է․ օրինակ՝ «Ինձ որ խելոք պահեմ, պապան կգա՞, ճաշիկս ուտեմ, եղբայրս կգա՞» եւ այլն: Հետո նեղանում է, մերժում ծնողին, որ այդպես էլ չվերադարձան: Իսկ երբ թողնում են տարիքի հետ գիտակցելուն, մեղադրական վերաբերմունք, վստահության կորուստ է առաջանում մոր, տատի կամ այլ հարազատների նկատմամբ, որոնք չեն ներկայացրել իրականությունը։
Այս օրերին արցախցի փոքրիկների համար կրկնակի սթրեսային վիճակ է․ ընտանեկան խնդիրներ, տան անդամների լարվածություն, նոր միջավայր, նոր մարդիկ։ Այս դեպքում երեխան պարզապես նոր տուն չի տեղափոխվել, եւ հնարավոր է մեկուսացում ու հաղորդակցման խնդիրներ առաջանան, չհասկացված լինելու զգացում, ինքնաներկայացման բարդություններ: Երեխայի հոգեվիճակն առավել մեղմելու համար ցանկալի է նրա օրվա պլանը կազմել, որտեղ ներառված կլինեն իր համար հետաքրքիր եւ սիրելի զբաղմունքները: Ինչպես նաեւ, չնայած ճնշված վիճակին՝ պետք է փորձել հնարավորինս շատ էմոցիա եւ ջերմություն տալ երեխային։
Հնարավորության դեպքում ցանկալի է այցելել մասնագետի, թեկուզեւ ծնողին ուղղորդելու համար՝ ինչպես վարվել այս կամ այն խնդրի դեպքում, իսկ եթե երեխայի մոտ արդեն նկատվում են վախեր, տագնապներ, պետք է անհապաղ դիմել մասնագիտական օգնության։