Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն երեկ հանդիպել էր բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ու բնապահպան ակտիվիստների հետ՝ վեր հանելու եւ քննարկելու ոլորտի հրատապ խնդիրները:
Հանդիպմանը կարեւորվեց նախարարին կից հասարակական խորհրդի գործունեությունը՝ նոր ձեւաչափով, նոր գարծառույթներով, որպեսզի հնարավորինս ապահովվի բնապահպանական հանրային հատվածի ներգրավվածությունը եւ գործունեության արդյունավետությունը: Նախարարը, կարեւորելով այս կառույցի գործունեությունը, նշեց, որ խնդիրների արդյունավետ լուծումների հիմքում առողջ բանավեճն է:
Հանդիպմանը ներկա կազմակերպությունների ու նախաձեռնությունների ներկայացուցիչները բազմաթիվ հարցեր բարձրացրեցին՝ ձկնագողությունից մինչեւ վայրի կենդանիների ազատ վաճառք, շրջակա միջավայրին առնչվող մասնակցային որոշումների կայացումից մինչեւ օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտություն, նախադպրոցական տարիքից էկոկրթությունից մինչեւ շրջակա միջավայրի վիճակի գնահատման գիտահեն լուծումներ:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանը ուշադրություն հրավիրեց էկոլոգիական անվտանգության հարցերի վրա՝ հետպատերազմյան իրադրության պայմաններում. «Սոտքի հանքն ունի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) փորձաքննության դրական եզրակացություն, հետեւաբար նախարարությունը պետք է հետեւի, որ փաստաթղթով ամրագրված գործողությունները կատարվեն, պետք է ուսումնասիրի այդ դրական եզրակացությունը լեգիտիմ է, թե՝ ոչ, պետք է ուշադրություն դարձնի հատկապես Ադրբեջանին սահմանակից շահագործվող ու լքված հանքերի անվտանգության ապահովմանը»,- նշեց տիկին Զարաֆյանը:
Հայկական բնապահպանական ճակատ կամավորական խմբի անդամ Լեւոն Գալստյանը կարեւորեց որոշումների կայացման մեթոդաբանության փոփոխման անհրաժեշտությունը։ «Այլապես որոշումների կայացման գործընթացին հանրության մասնակցությունը կշարունակի ձեւական բնույթ կրել, ինչպես նախկինում. ոմանք կբողոքեն, մյուսները ցույցեր կկազմակերպեն, արդյունքում բան չի փոխվի»,- հավելեց նա: Լեւոն Գալստյանն անդրադարձավ նաեւ Փոքր ՀԷԿ-երում առաջին հայացքից դրական արդյունք թվացող ջրաչափերի տեղադրման փաստին, որով ըստ նրա լեգիտիմացվել է ապօրինի ջրօգտագործումը եւ գետերի չորացումը շարունակվում է:
Ներկաներն անդրադարձան ոլորտի բազմերանգ ու բազմաբնույթ հարցերին: Նախարարն իր հերթին տեղեկացրեց արձանագրված խնդիրների ու դրանց ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին: Վերանայման ենթակա մի շարք ընթացակարգերից նշեց օրինակ Սեւանի առափնյա ռեկրեացիոն գոտիների վարձակալության գործընթացը, երբ օգտագործման թույլտվություն ունեցողները սեւ շուկայում «վաճառում են» թույլտվությունը եւ պետությունից 1քմ-ը 60 դրամով վարձակալված տարածքը վերավարձակալության հանձնում 15 հազար դրամով:
Նախարարը հավաստիացրեց, որ նմանատիպ հարցերն առաջիկայում կարգավորում են ստանալու: Տեղեկացրեց, որ ետ կանչված ՇՄԱԳՓ օրենքի նախագիծը լրամշակման փուլում է, եւ մինչեւ տարեվերջ դրա վրա աշխատող մասնագիտական խմբից ակնկալում է ստանալ ավստրիական ու շվեյցարական փորձի վրա հիմնված հայեցակարգային մի փաստաթուղթ եւ ասաց, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության՝ ինչպես գնահատման ու փորձաքննության, այնպես էլ հանրային իրազեկման ու որոշումների կայացմանը մասնակցության առկա մի շարք խնդիրներ լուծում կստանան:
Նախնական պայմանավորվածությամբ նման հանդիպումները պարբերական բնույթ են կրելու, հաջորդ հանդիպումն ակնկալվում է ոչ ուշ, քան երեք ամիս անց, բայց մինչ այդ նախարարը հանրային հատվածից ակնկալում է ստանալ բարձրացված հարցերի գրավոր հիմնավորումներն ու ոլորտի հրատապ հարցերի կարգավորման առաջարկություններ:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։