Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը «Զինուժ մեդիա»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Գորիս-Դավիթ բեկ ճանապարհի անվտանգության ապահովման վերաբերյալ հարցին:
«Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհը հսկողության տակ են վերցնում ռուսական սահմանապահ զորքերը։ Մեր սահմանապահ զորքերը կանգնում են մեր տարածքում եւ վիզուալ վերահսկում են այդ ճանապարհը՝ ապահովելով երկրորդ շերտի անվտանգությունը», — ասել է նախարարը եւ հավելել, որ մեր սահմանապահ զորքերի հետեւում կանգնած է մեր բանակը: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն մեր սահմանապահ զորքերի եւ ճանապարհի այդ հատվածում որեւիցե զորք չի լինելու։
«Նույնը վերաբերում է Ադրբեջանին. վիզուալ հսկողության տակ ադրբեջանական սահմանապահ զորքերն են, հետեւում՝ իրենց զորքը։ Այնտեղ էլ սահմանապահ զորքերի եւ ճանապարհի արանքում չպետք է լինի որեւէ զինված ստորաբաժանում: Այս իրավիճակում ճանապարհի շարժի անվտանգությունը երաշխավորված է»,- ընդգծել է Հարությունյանը:
Նախարարն անդրադառնալով համացանցում տարածվող Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական բանակի զինծառայողներով տեսանյութերին, նշել է, որ նման դեպքերում քաղաքացիները առանց խուճապի պիտի թեժ գծով տեղյակ պահեն ԱԱԾ-ին, որից հետո համապատասխան միջոցներ կձեռնարկվեն: