Գորիսի Ակսել Բակունցի տուն-թանգարանի տնօրեն Վարդան Սարգսյանն այսօր առավոտյան չի կարողացել Երեւան հասնել։ Գնում էր առողջական խնդիրների պատճառով: Գորիս-Երեւան մայրուղու Գորիսի հատվածը մի կողմից փակվել էր բնակիչների, մյուս կողմից՝ ոստիկանների կողմից: Վարդան Սարգսյանն ընդվզումը տեղին է համարում եւ կարծում է, որ ոստիկանները փորձել են ճնշել մարդկանց արդարացի բողոքը, ինչպես նաեւ խոչընդոտել ազատ տեղաշարժվելու իր իրավունքը:
Սյունեցիներն այսօր վաղ առավոտվանից որոշել էին փակել Սյունիքի դարպասներն ու արգելել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզ, սակայն ոստիկանական ուժերը թույլ չեն տվել եւ նրանք մնացել են Շինուհայրի խաչմերուկում։ Ոստիկանների գործողությունների հետեւանքով մարդիկ չեն կարողացել դուրս գալ Գորիս քաղաքից։ Ասում են՝ գորիսեցիներին հաջողվել է խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի մուտքը քաղաք։ Մինչ այդ ձերբակալվել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, որը երեկ երեկոյան համաքաղաքացիներին կոչ էր արել ավտոերթով հասնել դարպասներ եւ թույլ չտալ Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիք:
«Սա քաղաքական կողմնորոշում չէ եւ ոչ էլ՝ որեւէ կուսակցության նախաձեռնություն, սա սյունեցիների արժանապատվության, անվտանգության եւ ֆիզիկական գոյության պայքարն է, համահայկական ընդվզումի արտահայտումը»,-իր կոչում նշել էր Առուշ Առուշանյանը:
Վարդան Սարգսյանն ասում է՝ գորիսեցիները հիմա երկու ճակատով են պայքարում՝ համայնքապետին ազատ արձակելու եւ իշխանությունից սահմանների անվտանգության երաշխիքներ ստանալու:
«Վարչապետը՝ իբրեւ երկրի անվտանգության գլխավոր երաշխավոր, շատ հարցերի պիտի պատասխանի: Նախ, ինքը նախընտրական շրջանում հայտարարել էր, որ առանց ժողովրդի կամքը հարցնելու երբեք Արցախի հարցի հետ կապված որոշում չի ընդունի: Բայց այնպես ստացվեց, որ ժողովրդի թիկունքում նա ոչ միայն արցախյան հարցը գրչի մի հարվածով «լուծեց», այլեւ Հայաստանի սուվերենության իրավունքը սասանեց՝ Մեղրիի տարածքով ադրբեջանցիներին ճանապարհ տալով»,- «Ալիք մեդիա»-ին ասաց Ակսել Բակունցի տուն-թանգարանի տնօրենը:
«Այսօր Սյունիքում ճանապարհ փակած բնակիչների հիմնական ասելիքը իշխանությունների տեւական անտարբերությունն է՝ սահմանային հարցերի հանդեպ: Նախկին ադրբեջանա-հայկական սահմանի հատվածում նոր սահմանագծում պիտի արվի, եւ մինչեւ վերջին մի քանի օրերը իշխանությունից, պաշտպանական կառույցներից մարդ չկար․ սա ժողովրդի մեջ արդարացի վրդովմունք է առաջացրել: Բայց լարվածությունն ավելի մեծացավ, երբ իշխանությունները բառի բուն իմաստով առեւանգեցին մեր համայնքապետին: Եթե պիտի բերման ենթարկեին, օրը ցերեկով բերման թող ենթարկեին, բայց լույսը չբացված՝ տնից տանում են ժողովրդի կողմից ընտրված համայնքապետին, որ պատերազմի առաջին օրից մինչեւ այսօր զենքը ձեռքին դիրքերում է եղել: Մենք օրենքի շրջանակներում կպահանջենք ազատ արձակել նրան: Կարծում եմ՝ իշխանությունները խոհեմություն կունենան եւ նրան շուտ կազատեն, հակառակ դեպքում Գորիսում լարվածությունն ավելի կմեծանա»,-ասաց Վարդան Սարգսյանը՝ նշելով, որ Գորիս խոշորացված համայնքի բազմաթիվ բնակիչներ աջակցում են նրան:
Այս պահին Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը քննչական կոմիտեում է, որի մուտքի մոտ հավաքվել են նրան սատարող քաղաքացիներ եւ իրավապաշտպաններ: Գորիսում մի խումբ բնակիչներ հայտարարել են, որ կշարունակեն փակ պահել Գորիս-Երեւան մայրուղին, մինչեւ ազատ չարձակվի համայնքապետը:
Նիկոլ Փաշինյանն էլ չի հրաժարվել Գորիս եւ մյուս քաղաքներ երբեւէ այցելելու գաղափարից. «Սգի օրով ուժային գործողությունների չենք գնա։ Վերադառնում ենք Երեւան։ Գորիսին, Կապանին, Քաջարանին, Մեղրիին պարտք եմ մնում մեկ այցելություն»,-գրել է Փաշինյանը, որին միայն Սիսիանում է հաջողվել իրականացնել սյունիքյան այսօրվա այցը:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։