Ռուսական «Ռեգնում» գործակալությունը հայտնում է, որ Սեուլի (Հարավային Կորեա) յուրաքանչյուր տասը բնակիչից վեցը կողմ է Հարավային եւ Հյուսիսային Կորեաների վերամիավորմանը:
Հարցումն անցկացվել է այս տարվա նոյեմբեր-դեկտեմբերին 19-69 տարեկան երկու հազար հոգու շրջանակում։ Նրանց 67,6%-ը հավանություն է տվել վերամիավորման գաղափարին։ Անցած տարվա նույնանման հարցման համեմատ՝ վերամիավորման կողմնակիցների ցուցանիշը նվազել է 6,6%-ով:
Հարցվածների 53,5%-ի կարծիքով առաջիկա հինգ տարիներին միջկորեական հարաբերություններում ոչ մի էական տեղաշարժ չի արձանագրվի: 34,8%-ը հակառակ կարծիքն են արտահայտել:
72,8%-ը կասկածում են, որ ԿԺԴՀ-ն (Հյուսիսային Կորեա) երբեւէ կհրաժարվի միջուկային զենքից, 45,4%-ը դեռ փայփայում է այդ երկրի հետ համագործակցելու հույսերը, իսկ 28%-ն առաջարկում զգոն լինել: Միջկորեական մտահղացումների ու նախագծերի փոխանակման կողմակից է հարցվածների 58,1%-ը:
Սեուլի բնակիչների 24%-ը համագործակցության հիմնական ուղղություն է համարում տնտեսությունն ու արդյունաբերությունը, 20,7%-ը՝ մշակույթն ու սոցիալական շփումները, 16,1%-ը՝ առողջապահությունը:
Հարցման ենթարկվածների 62%-ը դրական է համարում 2032-ի ամառային օլիմպիական խաղերը Փհենյանի հետ համատեղ անցկացնելու կառավարության մտադրությունը:
53,1%-ն, անկախ քաղաքական մթնոլորտից՝ կարեւորում է Հյուսիսային Կորեային մարդասիրական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը: