Զեյթունի ուսանողական հանրակացարանի երկու հարկերում ժամանակավորապես ապաստան են գտել Արցախից տեղահանված ընտանիքներ: Նախամուտքում մեզ դիմավորում է հնգամյա Ռաֆայելը: Հեծանիվը երեխայի այն քիչ իրերից է, որ ծնողները կարողացել են տեղափոխել այստեղ: Տղան մեզ ուղեկցում է կենցաղային անհրապույր պայմաններով մի սենյակ, ուր երկու ամսից ավել ապրում է պատերազմի երրորդ օրը Հայաստան տեղափոխված ծնողների հետ:
Հեծանվից բացի՝ անվնաս հասել է նաեւ համակարգիչը, որում խնամքով պահված են Բերձորի մասին ընտանիքի հիշողությունները, կյանքի վավերագրերը: Ռաֆայելի մայրը՝ Զարինեն, Բերձորի դպրոցներից մեկում մաթեմատիկա էր դասավանդում, ամուսինը վարորդ էր: Հաճախ ֆինանսական օժանդակություն էին տրամադրում Մարտակերտում ապրող ծնողները։ Հայրը Կաշենի պղինձ-պորֆիրային հանքավայրում էր աշխատում։ 2012-ին շահագործված հանքավայրը պատերազմի օրերին փակվել է: Այսօր ընտանիքը եկամտի ոչ մի աղբյուր չունի, պետության տրամադրած միանվագ 86 հազար դրամը վաղուց սպառվել է։
«Մարտակերտում ՝ հայրական տանն էի, երբ սկսվեց պատերազմը, մտածեցինք ապրիլյան նման չորս օր կտեւի, բայց ժամ առ ժամ իրավիճակը սրվում էր,- հիշում է Զարինեն։- Ծնողներս մեզ այստեղ բերեցին, իրենք վերադարձան, հայրական գյուղում ամբողջ պատերազմի ընթացքում մի քանի հոգի էին մնացել, որից մեկը մայրս էր։ Իմ հայրական տունը կանգուն է, այնտեղ թուրքը չի հասել։ Երեխայիս հետ ուղիղ Երեւան ենք եկել, չեմ էլ հասցրել իրերը վերցնել»։
Ընտանիքը փորձում է նոր կյանք սկսել, աշխատանք են փնտրում, պարապ չմնալու համար էլ սոցիալական աջակցության կենտրոնում կամավորական աշխատանքներ են անում: Արտերկիր մեկնելու հնարավորություն ունեն, բայց որոշել են Հայաստանում մնալ։ Արցախ վերադարձի համար ապահովության երաշխիքներ չեն տեսնում: Զարինեն ասում է՝ անգամ խաղաղապահների ներկայությամբ չի կարող ապրել Բերձորում:
«Մի տարածք, որտեղ ռուսական զորքի հետ կանգնած է թուրքականը, իսկ հայկական զորքերին պահանջում են հեռանալ, անվտանգ լինել չի կարող»։
Մարատ Ստեփանյանը ծնունդով Արարատից է։ Քսան տարի ընտանիքով ապրել են Ջաբրայիլում, կնոջ հետ զբաղվել խոհարարությամբ։ Անչափահաս երկու երեխա ունեն։ Հիմա անորոշ վիճակում են: Մարատը լավ է հիշում սեպտեմբերի 27-ի առավոտը, երբ ադրբեջանական զինուժը թիրախավորեց իրենց բնակավայրը:
«Յոթն անց քառասուն րոպեին սկսվեց․ անօդաչու սարքը շուրջ քսան րոպե պտտվեց մեր բնակավայրի վրայով ու ռմբակոծեց, մարդիկ դուրս եկան, ես էլ երեխաներին տարա Կուբաթլու։ Երբ այնտեղ էլ կրակոցներ սկսվեցին, տեղափոխեցի Գորիս՝ ընկերոջս տուն, ապա Երեւան։ Զինադադարից հետո միացա ընտանիքիս»։
Նրանք չեն հասցրել վերցնել անգամ անհրաժեշտ փաստաթղթերը: Հույս ունեին, որ պատերազմը երկար չի տեւի, կվերադառնան տուն: Թեեւ այստեղ՝ սննդի հարցը մասամբ լուծված է, բայց ձեռները ծալած նստել չի կարողանում։ Նվազագույն աշխատավարձով գործ է գտել, պետությունից միայն կացարան է ակնկալում, քանի որ վերադարձի հույս այլեւս չունի:
«Տասնվեց տարի Հադրութում եմ ապրել, չորս տարի Ջաբրայիլում, նախկին նախագահ Բակո Սահակյանը մեզ տուն հատկացրեց, հաստատվեցինք, իսկ հիմա ադրբեջանական դրոշն է մեր տան տանիքին»։
Մարատի զավակներն այստեղ արդեն դպրոց են գնում։ Պատերազմի ողջ դաժանությունը զգացած երեխաները հաճախ են ադրբեջանական կողմի տարածած տեսանյութերում փնտրում իրենց ու համագյուղացիների տները: Տասնվեցամյա Սուրենը կարոտով հիշում է Ջաբրայիլն ու ֆուտբոլի դաշտը, որտեղ ընկերների հետ խաղում էին։
«Յոթ հոգանոց ջոկատից միայն աղջկաս ամուսինն է ողջ մնացել». արցունքն աչքերին պատմում է Մարգարիտա Բալայանը: Ֆիզուլի-Ջաբրայիլ շրջանում մղվող մարտերի ժամանակ անօդաչու սարքի հարվածից փեսան՝ կապիտան Հայկ Ավանեսյանը վիրավորվել եւ գլխուղեղի ծանր վնասվածքով տեղափոխվել Երեւան՝ «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Արդեն երկու ամիս անգիտակից վիճակում է, կորցրել է նաեւ տեսողությունը:
«Հիմա աղջկաս ընտանիքն անտուն է, սեպտեմբերի երեսունին տեղափոխվել են Հրազդան, իսկ հետո, երբ ամուսինը վիրավորվեց, հիվանդանոց տեղափոխվեց, մեզ հանրակացարանում ապաստան տվեցին, որ կարողանանք այցելել նրան»,- պատմում է տիկին Մարգարիտան։
Նա Մարտունու շրջանի Հեր-Հեր գյուղում բուժքույր էր աշխատում, երկու դուստրերն՝ ընտանիքների հետ Զորավան գյուղում էին ապրում: Տարհանվեցին հոկտեմբերի 21-ին, երբ Մարտունին ռմբակոծում էր հակառակորդի ռազմական ավիացիան:
«Երեք աղջիկներս՝ երեխաների հետ Հրազդան տեղափոխվեցին, որոշել էի դուրս չգալ Հեր-Հերից, մեր գյուղապետն ասաց, որ պետք է տարհանեն մեզ, հասանք Սեւան, փեսայիս վիրավորվելու մասին լուրն իմացանք, բայց չէինք պատկերացնում, որ այսպես ծանր կլինի վիճակը»։
«Մարտունի վերադառնալու մասին դեռ վաղ է խոսել,- ասում է տիկին Մարգարիտան,-ամեն բան կախված է փեսայիս առողջական վիճակից»:
Վերադարձի համար անվտանգ պայմաններ են պետք։ Երեք անչափահաս թոռների հետ թշնամուց ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա ապրել չի ուզում: Տիկին Մարգարիտան երկրորդ անգամ է պատերազմի միջով անցնում։ Քսանվեց տարի առաջ Չեչնիայում ծավալված պատերազմը ստիպել է ընտանիքին՝ անչափահաս երեխաների հետ հեռանալ այնտեղից ու հաստատվել Արցախում: Թեեւ Մարտունիում ապրում էին բնականոն կյանքով, տուն ու տեղ էին դրել, սակայն պատերազմի վերսկսման վախը երբեք չէր լքում նրանց:
«Սպասում էինք, որ պատերազմ կլինի, բայց ոչ այսքան երիտասարդ տղաների կորստյան գնով։ Չնայած հաճախ էին կրակում, դիրքերի վրա հարձակվում, գիտեինք, որ պատերազմի գոտում ենք գտնվում, բայց ապրում էինք սովորականի պես: Հույս ունեինք, որ չեն թողնի այսպիսի ծավալներ ստանա։ Չգիտենք մեզ ինչ է սպասվում»։
Հանրակացարանը մինչ օրս հյուրընկալել է արցախցի 25 ընտանիքի, մի մասն արդեն վերադարձել է: Այստեղ նրանք ամեն օր՝ բացի շաբաթ կիրակիից, մեկանգամյա սնունդ են ստանում, կեցության նվազագույն պայմաններն ապահովված են, երեխաների համար խաղասենյակ կա, իսկ պետությունը ամիսը մեկ-երկու անգամ մթերք եւ հիգիենայի պարագաներ է հատկացնում:
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։