«Միացյալ ազգային շարժում» կուսակցության նոր նախագահ կընտրի Facebook-ի միջոցով: Այս մասին տեղեկանում ենք կուսակցության էջից:
«Միացյալ ազգային շարժում»-ը Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ստեղծած կուսակցությունն է։ Նախկին նախագահը այժմ էլ աջակցում է գաղափարական իր ընկերներին:
«Ընտրիր նախագահ» ֆեյսբուքյան էջը բացվել է կուսակցության նոր ղեկավարին որոշելու նպատակով։ Ներկայացված են երկու թեկնածու՝ Նիկա Մելիան եւ Լեւան Շարշալոմիձեն:
Քվեարկությունը սկսվել է դեկտեմբերի 21-ին, ժամը 14:00-ին եւ կշարունակվի մինչեւ դեկտեմբերի 25-ը, ժամը 21:00-ը: Այս պահին ներկայացված թեկնածուներից առաջատար է Նիկա Մելիան:
Հիշեցնենք, որ կուսակցության նախագահի պաշտոնը թափուր մնաց այն բանից հետո, երբ Գրիգոլ Վաշաձեն դեկտեմբերի 15-ին հայտարարեց ՄԱՇ-ը լքելու մասին: Պատճառների շարքում նա նշել էր կուսակցությունում «ընդդիմադիր գործիչների» հայտնվելը, դեսպանների դեմ «սանձազերծված հարձակումը» եւ այլ տարաձայնություններ: