ՀՀ ՊՆ-ից «Արմենպրես»-ին հայտնել են, որ Սյունիքի մարզի` Ադրբեջանին սահմանակից որոշ հատվածներում կտեղակայվեն նաեւ ռուս սահմանապահներ:
ՊՆ ներկայացուցիչները միաժամանակ անդրադարձել են Սյունիքի դիրքերի պաշտպանությունը ռուս սահմանապահներին հանձնելու մասին լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններին, ըստ որոնց՝ իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգով պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը երեկ գաղտնի պայմանագիր է ստորագրել ռուսական կողմի հետ:
«Պաշտպանության նախարարը, բնականաբար, որեւէ գաղտնի փաստաթուղթ չէր կարող եւ չի ստորագրել: Առավել եւս, պաշտպանության նախարարն ի պաշտոնե չէր կարող ստորագրել ՀՀ սահմանների սահմանազատմանը առնչվող որեւէ փաստաթուղթ». հայտնել են ՊՆ ներկայացուցիչները:
Նախարարը՝ անվտանգության նկատառումով, ռուս գործընկերների հետ ընդամենը պայմանավորվել է ռուս սահմանապահներ տեղակայել Սյունիքի սահմանների որոշ հատվածներում։