Ողջ ամառ գյուղի տան նորոգման գործին էինք: Պատշար Մուխանը, երբ կեսօրահացի երրորդ բաժակն էր խմում, մի տեսակ կասկածանքով նայում եւ հարցնում էր. «Հը՞, Աթանեսյան, կռի՞վ ա լինելու»: Նա առաջին պատերազմն անցել էր սկզբից մինչեւ վերջ՝ գյուղի ինքնապաշտպանական ջոկատի կամավոր, հետո Մարտակերտի Պաշտպանական շրջանի N գումարտակի N վաշտի շարքային Միքայել Աբրահամյանը:
Եւ պատմում է, թե աչքի առաջ քանիսն են թշնամու գնդակի զոհ դարձել, ինչ է թե «մի ավտոմատ ձեռք գցեն»: Ուրեմն այսպես՝ մարտից հետո, երբ դեռ չգիտես՝ դիմացի լանջին ընկած թշնամիներից քանի՞սն է սպանված, քանիսը՝ վիրավոր, պիտի խրամատում մնաս: Մուխանի պատերազմական փորձն է, որովհետեւ տեսել է, թե վիրավոր թուրքն ինչպես է վերջին կրակոցով «ուղիղ ունքամեջին խփել» եւ սպանել ընկերոջն, ում հետ միասին էին առաջին դասարանից:
«Ախր էն շան տղեն կռվից շատ է խոսում». չորորդ բաժակից հետո անկեղծանում էր Մուխանը եւ խոստովանում, որ երբեմն-երբեմն Բաքվի հեռուստաալիք է տանը միացնում եւ թուրքերեն հասկանում է:
Ողջ ամառ, մինչեւ կկարմրեր ապրիլին սածիլած լոլիկը, Աստծո ամեն օր պատշար Մուխանը, ծեփագործ Արթուրը, ձեռքից ամեն ինչ եկող Վրայրը եւ հարեւան Մհերը, ում գործն իր հոգսերի արանքում մեր լոբուտն ու սածիլամարգերը ջրել-քաղհանելն էր, կեսօրին, իրիկնահացին մի տագնապ ունեին՝ «կռիվ է լինելու»:
Արթուրի տղան սեպտեմբերի 28-ին զոհվեց: Երեք ամսվա ծառայող էր: Մուխանի Անդրանիկը ոստիկանության ՊՊԾ շարքային է: Փրկվել է: Վրայրը պահեստազորայինի իր ծառայությունն է անցել: Մհերի Դավիթը՝ նույնպես: Երկուսն էլ փրկված են: Իսկ թաղի Սանասարը՝ ոչ, խփվել է Մատաղիսում: Առաջին պատերազմում զոհվել է նրա կնոջ՝ Մարիայի, հայրը: Այս պատերազմն այրիացրեց Մարիային: Հարեւան Վալոդիկի Դավիթ որդուց մինչ օրս լուր չկա: Ջեբրայիլում է ծառայել: Տուն վերջին անգամ զանգել է հոկտեմբերի 10-ին՝ Հադրութից: Ու՝ վերջ: Ծնողները ԴՆԹ են հանձնել:
Մի քանի օր առաջ գյուղում էի: Լու՜ռ, ինքն իր մեջ կուչուրած է թաղը: Միայն կտուրներից ելնող կապտավուն ծուխն է վկայում, որ շունչ-կենդանություն կա: Չկա մի-մի բաժակ «բարլուս» ասելու սիրտ: Նույնիսկ երեխաներն են տներում փակված: Չեն խաղում: Չեն ճվում-ծկլթում: Դպրոցից տուն գալիս պայուսակով մեկը մեկին չեն խփում: Բոլորը լուռ, մի տեսակ լուսնահարի նման են: Շփոթ-շվարած:
Առաջին պատերազմի օգոստոսյան մի օր գյուղում էի: Թշնամական ՍՈՒ-ն ռմբակոծում էր անտառները՝ Չլդրանի ուղղությամբ: Գրիշ քեռին միամիտ-միամիտ հարցրեց. «Մեզ էլ կխփի՞»: Ասացի՝ չէ: Բաժանվեցինք: Տասը-տասնհինգ րոպե չանցած երկու ռմբարկու՝ անգղի թռիչքով, կախվեց գյուղի վրա.. Ու երբ դժոխքն անցավ՝ մեկ-մեկ հավաքվեցինք, Գրիշ քեռին ինձ նայեց գյուղացու ոչնչացնող արհամարհանքով եւ ասաց. «Բա ասում էիր չի՞ խփի»: Ասես ես էի մեղավոր: Այս պատերազմում Գրիշ քեռու թոռն է զոհվել՝ Արմանը: Մեր թաղից՝ երկու զոհ՝ Սանասարն ու Արմանը: Դավիթի ճակատագիրն էլ՝ անհայտ:
Եւ ես չկարողացա գուրգուրանքով, նվիրումով, թոռների, որդու, հարսի, դստեր, փեսայի հետ ծերացող ամուսիններիս ամառներ վայելու սպասումով նորոգած տան դռնից ներս մտնել: Իսկ կինս առհասարակ հրաժարվեց գալ: «Գամ Դավիթի մորն ի՞նչ ասեմ»: Ի՞նչ ասես:
Առաջին պատերազմում հարեւան Սամվելը զոհվեց: Եղբայրն առաջնեկին Սամվել է անվանակոչել: Քառասունչորս օր հայր ու որդի մի խրամատում էին: Փրկվել են, բայց նրանց բակը լուռ-լուռ է: Տանն են, պարանին թարմ լվացք է փռած: Միայն Մհերն է երեւում՝ բոստանում ինչ-որ գործի է: Միմյանց ողջունում ենք աջ ձեռքի զուսպ վերբարձրացումով, հետո հարցական շարժում անում՝ իբր ո՞նց ես, ախպերս: «Բան էլ չկա». ձեռնափերն իրար քսելով հասկացնում է Մհերը: Ու եթե մի բաժակ տնաքաշ արաղի չի հրավիրում, ուրեմն աշխարհում, իրոք, մի բան շատ բարձր ճայթյունով փշրվել եւ որպես «Սմերչի» դղրդոց դեռ մեր երկինքներում է: Բայց էլ չենք լսում: Լսես որ ի՞նչ: Ավելի լավ է լռություն լսես: -Լռություն, լռություն, լռություն անսահման,-բայց Մհերը Տերյան չի կարդացել: Իմացածը «Գայլն ու գառն» է եւ դեռ ամռան կեսօրահացի տագնապներն էր այսպես ամփոփում.
-Ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր: Կյանքի փորձ է: Իրականության՝ գյուղացի, աշխատավոր մարդու ընկալում, որ նա բանաձեւում էր. «Ուժեղ ենք եղել, կռիվը տարել ենք, իրենք ուժեղ լինեն՝ էս անգամ էլ իրենք են տանելու»: Եւ պատշար Մուխանը գլխի դրական շարժումով հաստատում էր առաջին պատերազմի խրամատային ընկերոջ միտքը. «Բայց շան տղերքը փիս են խոսում»:
Վրայրն ու Արթուրը բանակային ծառայություն անցել էին հարաբերական խաղաղության տարիներին, պատերազմից հուշ, արհավիրքի կենսագրական զգացություն չունեին: Եւ լռում էին: Պատերազմը նրանց աշխատանքի, վաստակի եւ քաղաքավար կենցաղի վրայով գլանատոփանի նման անցավ: Հիմա ի՞նչ են անում: Ավերածը վերականգնելու ծրագրեր կլինեն, մի տեղ գործի կմտնեն: Վաստակ կունենան: Բայց Վրայրի ձեռքը կգնա՞ տունն այնպես նորոգի՝ ինչպես ամռան իրիկնահացի սեղանին էր նախագծումները պատմում: Չեմ տեսել Վրայրին: Առաջին պատերազմում նրա Ժիրայր եղբայրն է ծանր վիրավորում ստացել, այս անգամ՝ Վարուժան եղբոր Սանասար որդին, ում տվել էին առաջին պատերազմում զոհված քեռու անունը: Ծանր շղթա է…
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։