Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունը, թե Շուռնուխի եւ Որոտանի սահմանային հարցերը կարող են ցավոտ իրավիճակների բերել, Որոտան գյուղի դպրոցի տնօրեն Արա Գրիգորյանը չի լսել, զբաղված էր դպրոցական տարեվերջյան քննություններով: «Չգիտեմ՝ ցավոտ ասելով ինչ է ուզում ասել, ավելի լավ է պարզ ասեն, իմանանք՝ ինչքան ցավոտ, մենք ամեն օր գնում-գալիս ենք այս գյուղ: Եթե ցավոտ բաներ են լինելու, ուրեմն ճանապարհը թող փակեն, ասեն՝ մի գնացեք, մի եկեք: Ենթադրվում է, որ գոնե այդքանը հասկանում են, հասկանում են, ինչ վտանգներ կլինեն, որ մեզ ասեն»,-ասում է Արա Գրիգորյանը, որ դպրոցի 17 ուսուցիչներից 13-ի հետ ամեն օր Գորիսից հասնում է Որոտանի դպրոց ու ու ետ գնում այն ճանապարհով, որի մի հատվածում օրեր առաջ ադրբեջանցիներ են տեղակայվել:
«Ճանապարհին ոչ մի արգելքի չենք հանդիպում: Ճամփից մի հինգ հարյուր մետր ներքեւ մի վրան ենք տեսնում, կողքը՝ մի ադրբեջանցի եւ բլուրի վրա էլ իրենց դրոշը, որ հեռվից է երեւում: Դա նախկին իրենց տարածքն է, Էյվազլար գյուղը: Ճանապարհին մեզ խանգարող բան չկա: Մերոնք էլ ճամփի վերեւում են»,-ասում է Արա Գրիգորյանն, ավելացնելով, որ դպրոցի աշխատանքն անցնող օրերին ընդամենը երկու օր է խանգարվել, մինչեւ Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում հայ եւ ադրբեջանցի սահմանապահները ռուս գործընկերների հետ ավարտել են տեղակայման աշխատանքները: Աշակերտները հեռավար են դաս արել, բայց այսօր, ասում է, ուրախ տրամադրությամբ գալիս են դպրոց:
«Դպրոցից այս օրերին ոչ մի աշակերտ չի հեռացել, նույնիսկ չի էլ բացակայել: Հենց այսօր էլ քննության էին: Վաղը, մյուս օրն էլ կգան, հետո երկու շաբաթ արձակուրդ են»,-հայտնում է Որոտանի դպրոցի տնօրենը: Ինքն էլ, շատերի պես սպասում է՝ մինչեւ ավարտվեն սահմանագծման աշխատանքները, հույս ունի, որ կյանքը կվերադառնա բնականոն հուն: Գյուղը լքելու մասին, ասում է, խոսք չկա. «Ո՞ւր գնան, այսպես հեռանալով գնան, վերջը Հայաստանից պիտի գնան: Մեր դպրոցի նախկին աշակերտներից զոհեր ունենք, իրենց գերեզմաններն այս գյուղում են, թողնենք գնա՞նք»:
Դպրոցն ունի 45 աշակերտ, ինը աշակերտ են ընդունել Արցախից: Մասնաշենքերից մեկը տրամադրել են հայ սահմանապահներին, որոնք հերթափոխով հսկում են սահմանը: «Սահմանապահները կան, ռուս խաղաղապահները կան, մեր կամավորականները կան, մեզ մնում է արագ խելքի գանք, աշխատենք, մենք կրթության եւ գիտության վերջը տվել ենք, պիտի աշխատենք այդ ուղղությամբ»,- իր մտահոգությունն է հայտնում սահմանապահ գյուղի դպրոցի տնօրենը:
Կյանքն ադրբեջանցիների հարեւանությամբ նա այսպես է պատկերացնում. «Բանակցություններ պիտի վարվեն, հասկանանք նրանց ինչի՞ն է պետք այս ճանապարհը, որ եկել, տակը կանգնել են, գուցե մի ուրի՞շ հատվածի հետ փոխանակվի, այս ճանապարհից դուրս գան: Ամեն ինչ խելացի բանակցություններով կարելի է լուծել: Իրենք այս ճանապարհին ոչ մի բան չունեն անելու, ոչ վերեւ կարող են գնալ, ոչ ներքեւ, ուղղակի այդտեղ են, որ ճնշեն, խանգարեն մեզ… Գյուղի բոլոր բնակիչներն էլ այսպես են տրամադրված, որ խոսենք, իրար հասկանանք»:
Եթե պետական բարձր մակարդակով մեր անվտանգությունը չապահովեն, ուրեմն պիտի Խոտ գյուղի տարածքով գնանք-գանք, բայց ահագին երկարելու է, մի հիսուն կմ ճանապարհ է դառնում: Խուճապ պետք չի ստեղծել, թուրքին չգիտեմ ինչի տեղ դնել, նրանք մեր տղաների հետ զրուցել են, ասել են՝ մենք կռիվ չենք ուզում: Այսքան զոհերից հետո նորից անիմաստ կոտորածի պիտի գնա՞նք: Վաղ թե ուշ պիտի սովորենք իրենց հետ ապրել»,-«Ալիք մեդիա»-ին ասում է Արա Գրիգորյանը:
Ի տարբերություն Որոտանի գյուղի դպրոցի տնօրենի՝ Շուռնուխ գյուղի դպրոցի տնօրեն Արմենակ Լալաբեկյանն ասում է. «Թուրքի հետ ի՞նչ լեզու գտնենք, ինչի՞ մասին լեզու գտնենք, ո՞նց բանակցենք, ի՞նչ հաշտություն»: Շուռնուխ գյուղը նույնպես հայտնվել է սահմանագծման կիզակետում: Դպրոցի տնօրենն ասում է, որ իրենց գյուղը երբեք ադրբեջանական չի եղել, միշտ հայեր են ապրել, բայց քարտեզով մի մասն անցել է իրենց: «Խոսակցություններ կան, որ գյուղից տասնմեկ տուն մնում է իրենց տարածքում, սպասողական վիճակում ենք, որ ճշտվի այդ հարցը, դրանից է կախված թե՛ գյուղի կյանքը, թե՛ դպրոցի աշխատանքը: Բացակայություններ կան, տասներեք աշակերտից հինգն է հաճախում: Արցախից հինգ աշակերտ ունեինք, երբ գյուղի շուրջ վիճակը լարվեց, հեռացան»,-ասում է:
Որոտանի դպրոցի ուսուցիչների մեծ մասի պես, Շուռնուխի դպրոցի ուսուցիչների մի մասն էլ Գորիսից է գալիս, անցնում նույն ճանապարհով, որտեղ ադրբեջանական ուժեր են տեղակայված: «Այդ ճանապարհի վտանգից բացի նաեւ բուն գյուղի սահմանը շատ է մոտեցել իրենց: Եթե մի կիլոմետր հեռու լինեին, հնարավոր կլիներ ապրել, ո՛չ արոտավայր է մնացել, ո՛չ հող։ Այսօր առաջին անգամ ադրբեջանցիները եկան մեր գյուղ, վաղը մյուս օրը ավելի շատ կգան: Կարծում եմ՝ հայերը գյուղից կամաց-կամաց հեռանալու են: Չի բացառվում, որ գյուղի դպրոցն էլ կանգնի փակվելու վտանգի առջեւ: Մեր ղեկավարությունը եթե կարողանա մեր ու իրենց սահմանը խելամիտ հեռավորությամբ պահի, մենք մնացածը կանենք»,-ասում է Արմենակ Լալաբեկյանը:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։