Էս վերջերս իմացա, որ ես ժողովուրդ չեմ։ Այսինքն՝ ժողովրդի մի մասնիկը չեմ, էլի: Քանի որ մի քանի հոդվածներում գրել եմ, որ կողմնակիցն եմ վարչապետի հրաժարականի ու արտահերթ ընտրությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռամբ ես դասվեցի «իշխանությունից կամ էլ նախկին արտոնություններից զրկված էլիտայի» շարքում։
Չեք հավատո՞ւմ։ Հենց հիմա ապացուցեմ: Ինքն է ասել, որ իր հրաժարականը ժողովուրդը չի պահանջում, այլ՝ «2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանությունից զրկված «էլիտան» փորձում է հասնել ռեւանշի: Ընդ որում՝ խոսքն ամենեւին միայն քաղաքական «էլիտայի» մասին չէ, այլ բոլոր նրանց, ովքեր մինչեւ 2018 թվականը ունեցել են արտոնություններ, 2018 թվականից հետո՝ չունեն» (ակամա միտքս է գալիս 1988-ին Գորբաչովի ասածը, թե Հայաստանում միտինգ անողները միայն մի խումբ էքստրեմիստներ են կամ՝ «небритые бородачи»):
Հիմա շուրջս եմ նայում ու փորձում գտնել Փաշինյանի մատնանշած արտոնությունների շնորհիվ կուտակածս միլիոններն ու կառուցածս դղյակները։ Բայց իմ չորս սենյականոց ու վաղուց նորոգման կարիք ունեցող բնակարանից զատ բան չեմ տեսնում, անգամ բակում՝ ձյան տակ կանգնած մի պստլիկ «Օփել» չունեմ։
Էս վերջերս իմացա, որ ես ժողովուրդ չեմ։ Այսինքն՝ ժողովրդի մի մասնիկը չեմ, էլի, քանի որ՝ թեպետ մի քանի հոդվածներում գրել եմ, որ կողմնակիցն եմ վաչապետի հրաժարականի ու արտահերթ ընտրությունների, սակայն «17/16» ձեւաչափի միտինգներին ու ցույցերին չեմ գնում ու կոկորդ չեմ պատռում՝ գոռալով «ստահակ», «վիժվածք» եւ այլն։ Ընդդիմության թեթեւ ձեռքով ես հիմա «անտարբեր» եմ, տառապում եմ «քաղաքական հավկուրությամբ», «դեպրեսիայի մեջ եմ» եւ այլն։
Ու հիմա մոլորված երգում եմ՝ «Ո՞վ ես դու, ո՞վ եմ ես ՝ չգիտեմ…» եւ պիտի կողմնորոշվեմ՝ «էլիտա՞» եմ, թե՝ «անտարբեր ու դեպրեսիայի մեջ»։
Գոնե մարդ իմանար, թե դրանց հայտանիշերը կամ ախտանիշերը որոնք են։ Դե էն «Քովիդի» նման էլի. եթե հոտ-համ չես զգում, ջերմություն ունես, ապա պիտի անմիջապես վազես թեստ հանձնելու։ Որ իմանայի ախտանիշերը՝ թեստի կարիք չէր զգացվի, անմիջապես ինքս ինձ կախտորոշեի՝ «Քովիդ» … էէէէ, ի՞նչ եմ է ասում, «նախկին էլիտա» եմ, թե՞ «ներկա անտարբեր»։
Իրականում՝ ես բանտարկյալ եմ։ Երկու տարբերակով եմ բանտարկյալ:
Նախ՝ «Քովիդ-19»-ի պատճառով համարյա տասը ամիս ապրում եմ բանտային ռեժիմով՝ երեք անգամ սնունդ, երկու անգամ զբոսանք, տեսակցությունների եւ հանդիպումների խիստ սահմանափակում։
Եվ երկրորդ՝ այդ կարգավիճակիս ավելացել է նաեւ երկու հակամարտող կողմերի «բանտարկյալ» լինելս. ես հիմա բանտարկված եմ նրանց ասած ընտրությունը կատարելու անկարողության պատճառով։
Սրանց էլ ավելանում է այն, որ երրորդ ճանապարհ էլ չեմ կարող ընտրել։ Էն պարզ պատճառով, որ էդ երրորդ ճանապարհն Էդմոն Մարուքյանը վաղուց եւ անվերադարձ ուզուրպացրել է ու դարձրել իր մենաշնորհը։
Ի՞նչ պիտի անի ինձ նման մեկը, որը ոչ «էլիտա» է, ոչ «անտարբեր», որ մի (կամ գուցե մի քանի) անգամ տարվել է «հալա սրանց քշենք, հետո կերեւա» կարգախոսով, որ տեսել է, թե միայն «քշելու» մտադրությամբ փողոց դուրս գալը ինչի հանգեցրեց ։
Երկուսուկես տարի Փաշինյանն ու իր թիմը դուրս չեկան «ընդդեմի» տրամաբանությունից ու չմտան «հանունի» հուն (բայց լավ ալիտերացիա ստացվեց՝ «հանունի հուն», պետք է հիշել)՝ Հայաստանի բարգավաճմա՛ն, Արցախի անվտանգությա՛ն հանունի հուն։ Ու տեսանք դա ինչի հանգեցրեց։
Ցավոք ներկա «Հայրենիքի փրկության շարժումն» էլ նույն «ընդդեմի» դաշտում է։ Բայց ես իրենց չեմ մեղադրում, եթե «ընդդեմի» ճառերից անցում կատարեն «հանունի» ճառերի, նրանց լսողները քիչ կլինեն. ի՞նչ արած՝ մեր հասարակությունն է այդպիսին։
Ու հիմա ինձ նման բանտարկյալն ուզում է անընդհատ ժողովրդին հղում կատարող վարչապետին (նաեւ նրա ընդդիմախոսներին) ասել։
Ժողովրդին դիմելու երկու ձեւ կա՝ հանրաքվե եւ ընտրություն։ Եթե դուք սրանցից ոչ մեկը չեք կազմակերպում ի՞նչ գիտեք ժողովուրդը հենց ձեզ է պաշտպանում, թե՞ ոչ։
Եվ վարչապետին հատուկ ուղերձ՝ եթե չեք կարող վստահության հանրաքվե կամ արտահերթ ընտրություններ կազմակերպել՝ ճանապարհ տվեք, թող ուրիշները կազմակերպեն։ Բարեբախտաբար, Սահմանադրությունը, իր բոլոր թերություններով հանդերձ, դրա հնարավորությունը տալիս է։
Գուցե վերջապես սկսվի՞ «հանունի» շարժումը, իսկ մոլորյալներս էլ, մասնակցելով քվեարկությանը, գոնե ինքներս մեզ (բայց հաստատ ոչ իշխանությանը կամ ընդդիմությանը) ապացուցենք, որ անտարբեր չենք, առավել եւս՝ ոչ «նախկին թալանչի էլիտա»։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։