Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան՝ կոնսերվատորիայի բարեկամների հիմնադրամի հետ համատեղ բարեգործական համերգ էր կազմակերպել՝ ի նշան երախտիքի հայ զինվորներին, որոնք քառասունչորս օր կռվեցին ու հերոսացան Արցախի պաշտպանության համար մղվող մարտերում:
Արամ Խաչատրյան համերգասրահի բեմում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մենակատարներն էին, կոնսերվատորիայի ուսանողներն ու դասախոսները։ Հնչում էին տարբեր պատերազմների ընթացքում գրված, հասարակական-քաղաքական բեկումնային ժամանակաշրջաններին առնչվող եւրոպական, հայ դասական ու ժամանակակից հեղինակների գործեր։
Համերգին ներկա զինվորների շարքում էր նաեւ կոնսերվատորիայի ակադեմիական վոկալ բաժնի ուսանողներից՝ Էդուարդ Մարգարյանը, որն Արցախ էր գնացել պատերազմի երկրորդ օրը։ Նրա երգը հաճախ էր հնչում Մարտակերտի «Եղնիկներ» կոչվող զորամասում, Ասկերանի անտառներում՝ գոտեպնդելով եւ ուժ տալով ծառայակից ընկերներին։
«Զենք բռնելու ունակ էի, այդքանը բավարար էր». ասում է Էդուարդը։ Իր հերոսությունների մասին նա լռում է, բայց հիացմունքով է խոսում զինակիցների մասին: «Անմարդկային կռիվ էին տալիս հատկապես 18-20 տարեկան ժամկետային զինծառայողները»։
Կոնսերվատորիայի հիսուն ուսանող է մասնակցել մարտական գործողություններին, նրանցից երեքը՝ դասական վոկալ բաժնի ուսանող Գոռ Թումանյանը, որ ստացել էր «զորամասի երգիչ» պատվանունը, քյամանչահար Մհեր Փոթոյանն ու ժողովրդական վոկալ բաժնի ուսանող Տիգրան Սահակյանն արիաբար ընկել են մարտի դաշտում, յոթը՝ վիրավորվել, կան նաեւ անհետ կորածներ:
«Զոհված ուսանողների հիշատակին հուշ երեկոներ կկազմակերպվեն, տղաների հիշատակը միշտ արթուն կլինի», ասում է ԵԿՊԿ ուսումնական գծով պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանը:
Նման համերգները, որոնք նաեւ բարեգործական նպատակ ունեն, շարունակական կլինեն: Հանգանակությունը սկսվել է դեկտեմբերի 17-ին, կտեւի մինչեւ 27-ը: Համերգների ողջ հասույթը, նաեւ՝ առցանց փոխանցումները, կհատկացվեն «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։