Գորիսում եռաչափ տպիչներ արտադրող «ՕգմենթԱՐ» ընկերության տնօրեն, ծրագրավորող, Գորիսի Զարգացման ակումբի համահիմնադիր Արթուր Խոջաբաղյանը, պատասխանելով «Ալիք մեդիա»-ի հարցերին, իր տեսակետներն է ներկայացնում Սյունիքում առկա լարվածությունը մեղմելու հնարավորության եւ հարակից հարցերի շուրջ.
-Այո, պատրաստ չէին այս տարբերակին, քանի որ հավատում էին, թե հնարավոր էր սահմանների հարցը վիճարկել ավելի լավ պայմաններով: Բնակիչները պատրաստ էին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել եւ իրենք պաշտպանել սահմանները, եթե կառավարությունը կարողանար հօգուտ մեզ լուծումներ գտնել Սյունիքի սահմանների հարցում:
Մենք բոլորս մտածում էինք, որ իրական հնարավորություն կար բանակցային բաղադրիչներով երկարաձգել սահմանների հարցը, շարունակել այդ տարածքներում անվտանգության գոտի ձեւավորել, բուֆերային գոտին ավելի լայն վերցնել եւ այլն։ Ու երբ դա չեղավ, բնական բողոքի ալիք բարձրացավ, մարդիկ անտարբերություն են զգում իրենց հանդեպ, ինչն անորոշություն է ծնում:
Բանավոր տրվել են անվտանգության երաշխիքներ, որոնք բավարար ու հստակ չեն: Որքան էլ որ ասեն՝ անվտանգությունը կապահովեն, այդ խոսքերը ոչինչ են, երբ մարդն ինքն իրեն վտանգի մեջ է զգում:
Պատերազմի պարտության ցնցումից հետո այստեղի բնակչությունը երկրորդ ցնցումն ու հիասթափությունն է ապրում: Մարդկանց չէին պատրաստել, թե ինչ է սպասվում:
Իմ կարծիքով՝ սահմանների հարցով կարելի էր կոշտ բանակցությունների գնալ, դիրքորոշում արտահայտել եւ ասել, որ մենք կգնանք այստեղից, եթե այս կամ այն հարցի պատասխանը վերջնական չտրվի, օրինակ, բոլոր գերիներին ազատելու գնով կամ ասենք այսինչ մակարդակի անվտանգության երաշխիքներ ապահովելու դեպքում: Ինչքան հասկանում եմ՝ ոչ մի փոխզիջում, քննարկում, բանակցություն չի եղել:
-Հույս ունենք, որ սահմանների հարցում դեռ կարելի է հօգուտ մեզ ինչ-ինչ փոփոխություններ կատարել:
-Այդ հարցերը պետք էր սկզբից տրվեր: Հիմա ամեն ինչ եղել, վերջացել է, էլ ի՞նչ հարցեր տանք:
Իսկ ճանապարհ փակելը, որ այսօր դարձել է բողոքի արտահայտության ձեւ, մարդիկ սովորել են հենց իրենից՝ վարչապետից: Վարչապետն այդ միջոցներով է հասել իր ուզածին, եւ մարդիկ տեսել են, որ ա՛յդ մեթոդն է աշխատում: Ճանապարհ փակելը թերեւս հենց այն քայլն էր, որով սյունեցիներն իրենց խորը հիասթափությունն արտահայտեցին մարզի բնակչության հանդեպ կառավարության անտարբերությանը:
-Անկեղծ ասած՝ առաջին հայացքից, գուցե ապահովության զգացում առաջացնի, բայց ես կարծում եմ, որ նրանց ներկայությունը կարող է նաեւ բթացնել ինքներս մեր անվտանգությունն ապահովելու բնազդը: Մարդիկ կարող են հանգստանալ, ասել՝ դե՛, ռուսները պահում են, եւ այդպես հայտնվենք ավելի վատ վիճակում, մանավանդ, պատմությունից գիտենք, որ հնարավոր է ամենանեղ պահին նրանք թողնեն ու գնան: Իսկ որ այդպիսի բան չլինի կամ այդպիսի բան լինելուց հետո մենք չհայտնվենք շատ ողբալի վիճակում, պետք է մենք էլ մեր հերթին կարողանանք ապահովել մեր անվտանգությունը: Այդ հարցն էլ պետք է քննարկել, տեսնել թե ինչ ռեսուրսներ ունենք, ծավալներն ու ռիսկերը դիտարկել: Մենք ինչ-որ կերպ պետք է պատրաստ լինենք ամենավատ սցենարին, որովհետեւ մեր բոլորիս անվտանգությանն է վերաբերում: Իրենք այս պահին, այո՛, խնդիր են լուծում, անվտանգության ռեալ երաշխիք են, բայց դա մեզ չպետք է հանգստացնի:
-Տրամադրությունները եկեք չքննարկենք, այլ իրականության մասին խոսենք: Կան գյուղեր, որոնք տարիներ շարունակ օգտվել են այսօր արդեն ադրբեջանական տիրապետության տակ հայտնված տարածքներից, այդտեղ ունեցել են մեծ տնտեսություններ: Հիմա այդ մարդիկ կորցրել են իրենց եկամտի աղբյուրը: Ե՛վ տնտեսական վատ վիճակում են հայտնվել, ե՛ւ անվտանգությունից են զրկվել, ե՛ւ ապագայի հանդեպ անորոշություն են ձեռք բերել: Այդ մարդիկ կարող են հենց այս նշված պատճառներով որոշում կայացնել գյուղերից տեղափոխվել Գորիս քաղաք կամ ընդհանրապես գնալ այս տարածքից: Դրան էլ եթե գումարենք ներքաղաքական խժդժությունները, արդեն պատրաստ է հողը, որ մարդիկ առաջին իսկ հնարավորության դեպքում ավելի ապահով բնակավայրեր փնտրեն: Սա այս պահի ամենակարեւոր խնդիրներից մեկն է: Շատ շտապ պետք է այդ տարածքի գյուղերում իրականացվեն սոցիալական ծրագրեր, որոնք մարդկանց կպահեն այդ գյուղերում:
-Արագ պետք է վերաձեւակերպվեն մարդկանց հնարավորությունները, իրականացվեն ջերմոցային տնտեսություններ, ներդրվեն խելացի գոմերի եւ տոհմային անասնաբուծության ծրագրեր: Մենք այս օրին ենք հասել այն պատճառով, որ միշտ մտածել ենք, թե մեր փոխարեն ուրիշները պետք է մեր հարցերը լուծեն: Կառավարությունը «ոսկի սարեր» է խոստացել, հավատացել, սպասել ենք: Մենք ինքներս պետք է սովորենք մեր մարտահրավերներին դիմագրավել եւ պահանջել, որ աշխատեն համապատասխան կառավարական օղակները:
Իբրեւ Գորիսի Զարգացման ակումբի համահիմնադիր, ես կողմ եմ բոլոր հարցերը կլոր սեղանի շուրջ քննարկելուն եւ արագ գործելուն: Անկախ տարաձայնություններից, այս պահին միախմբում է պետք: Գորիսում բոլոր կարեւոր պահերին եղել է այդ համախմբումը: Գորիսի Ազգային խորհուրդը 1920-ականներին կառավարել է ընդհանուր գործընթացը, մասնակցել Լեռնահայաստանի հիմնադրմանը: Այդ միախմբումը եղել է նաեւ 1879-ական թվականներին, երբ Գորիսի բնակիչները հավաքվել եւ Մանուչար բեկի հետ նամակ են գրել Ելիզավետպոլի նահանգի ղեկավարին, որ Գորիսին քաղաքի կարգավիճակ տան եւ սկսեն քաղաքի հիմնադրումը. այդպես ստեղծվել է Գորիս քաղաքը:
-Պատերազմի ժամանակ մենք հասկացանք, որ ԱԹՍ-երի օպերատորների խիստ կարիք կա, նախաձեռնեցինք այդ ծրագիրը, բայց պատերազմը ավարտվեց, հիմա արդեն ավելի լայն խնդիր ենք դրել մեր առջեւ: Մեր նպատակն է, որ առաջին հերթին այդ պարզ սարքերը՝ անօդաչուները, հնարավորինս շատ մարդ կարողանա օգտագործել: Նախքան ռազմական իրադարձությունները կարողանան անվտանգության, պահակային խնդիրներ լուծեն: Մարդիկ պետք է կարողանան այդ սարքերով հերթապահություն անել, իրենց տարածքները դիտարկել: Առաջին փուլը օպերատորների վերապատրաստումը կլինի, երկրորդ փուլը՝ սարքերի ձեռքբերումը, իսկ երրորդ փուլը գուցե նաեւ՝ արտադրությունը: Առաջին փուլի համար համապատասխան գումար հավաքվել է, սարքերը ձեռք կբերենք եւ արդեն գյուղերում փորձարկումներ կսկսենք: Կգան մեզ մոտ կսովորեն, կգնանք գյուղերում կսովորեցնենք, կարճ ժամանակում պետք է կարողանանք շատ օպերատորներ պատրաստել:
Սկսենք փոքր քայլերից, եւ եթե հաջողության հասնենք, մեծ քայլեր էլ կկատարենք:
Երբ լրագրողական աշխատանքի բերումով սկսում ես որոնել՝ որտե՞ղ է թաղված շան գլուխը, եւ հընթացս պարզում՝ որտե՞ղ են ձմեռում խեցգետինները, ուրեմն ճիշտ ճանապարհին ես։