Երեւանի կենտրոնում գտնվող «Էնվոյ» հյուրատունը՝ համավարակով պայմանավորված, տեւական ժամանակ փակ էր։ Սպասում էին սահմանների բացմանը, որ զբոսաշրջիկներ ընդունեին, պատերազմը, սակայն, փոխեց ծրագրերը։ Հյուրատանն այսօր Արցախից տեղահանված ընտանիքներ են ապրում:
Տնօրենը՝ ծնունդով արցախցի Համլետ Ավանեսյանը, հայրենակիցների խնդիրներին անտարբեր նայել չէր կարող, քանի որ ինքն էլ Բաքվի դեպքերից հետո նույն ճանապարհն էր անցել: Այսօր նա ամբողջությամբ հոգում է «հյուրերի» սննդի ծախսերը՝ համասեփականատերեր, Ավստրալիայում ապրող Կարապետյան ամուսինների աջակցությամբ:
Հագուստ եւ այլ անհրաժեշտ իրեր երբեմն հյուրատան օտարերկրյա հաճախորդներն են ուղարկում, քաղաքացիներն են բերում: «Պատերազմի առաջին օրերին, երբ մարդիկ տեսնում էին դռան առաջ հավաքված արցախցիներին, օգնում էին՝ ինչով կարող էին»։
Պետությունը շուրջ 250000 դրամի չափով հյուրատանը փոխհատուցել է նոյեմբեր ամսվա գազի եւ ջեռուցման ծախսերը: Համլետը վստահեցնում է, որ ընտանիքներն այստեղ կմնան այնքան, որքան դրա կարիքը լինի, ավելի ստույգ՝ երբ լուծվի վերադարձի կամ կացարանի հարցը:
Այժմ հյուրատանը 40 հոգի է ապրում։ Ննջարանները երկրորդ հարկում են, առաջինում՝ խաղասրահն է։ Առանձնացված տարածքում տղամարդիկ քննարկում են օրվա լուրերը, անելիքները։ Մեր այցելության պահին խոհանոցում կանայք կերակուր էին պատրաստում. ջեռոցին եփվող տոլմայի անուշաբույրը տարածվել էր հյուրատնով մեկ:
Տոլման տիկին Արեւիկն էր պատրաստում։ Նա Մարտունու շրջանի Վերին Թաղավարդ գյուղից է, որտեղ հմուտ խոհարարի համբավ է ունեցել. կարեւոր տոնակատարություններին հենց նրան էին վստահում խոհանոցը:
Թաղավարդ համայնքն այսօր կիսված է՝ Վերին Թաղավարդը ադրբեջանական է, ներքինը՝ հայկական: Արեւիկը հիշում է՝ գյուղից դուրս գալու նախորդ օրը թթու էր դրել, որն հիմա հավանաբար ադրբեջանցի զինվորներին է բաժին հասել։ Ծանր հոգոց է հանում. «Հիմա տանը ելումուտ են անում, հեռադիտակով համագյուղացիներն են նայել, պատմել»:
Պատերազմի օրն ամուսնու հետ Ստեփանակերտ են գնացել՝ համալսարանի ուսանող դստերն ու նրա թալիշցի ընկերներին գյուղ բերելու։ Աղջիկները ուսանողական հանրակացարանի նկուղում էին պատսպարված: Հանրակացարանում այժմ Հադրութից տեղահանվածներն են ապրում, ուսումը շարունակելու համար հիմա աղջիկները պետք է Ստեփանակերտ վերադառնան, բնակարան վարձեն, վարձը տալու համար աշխատանք գտնեն:
«Կարծում էինք՝ Թաղավարդն ապահով է, վերջին գյուղն է, թուրքը չի մտնի։ Հոկտեմբերի կեսերին մեզ տարհանեցին, երբ ռմբակոծություններն ուժգնացան, Շեխեր, Թաղավարդ եւ Զարդարաշեն գյուղեր ներթափանցեցին դիվերսիոն խմբեր: Մտածում էի՝ հետ ենք դառնալու, գոնե տաք վերմակներ, ձմեռային հագուստ կվերցնեի». ասում է տիկին Արեւիկն ու ամփոփում՝ մնանք, թե՝ գնանք , միեւնույն է՝ զրոյից ենք սկսելու:
Կացարանի համար հերթագրվել են, բայց պատասխան դեռ չեն ստացել, մեծ հույսեր էլ չեն կապում: Թեեւ ստիպված են վերադառնալ, բայց 22-ամյա Նելլան չի ուզում թուրքերի հարեւանությամբ ապրել: «Եթե պատերազմը կրկնվի, նորից ենք վերապրելու այս մղձավանջը, այդ ժամանակ փախչելու տեղ էլ չենք ունենա։ Իսկ եթե մի օր փակե՞ն մարդասիրական միջանցքը, ճանապարհն իրենցն է, անտառներն էլ հետը, գնում ենք մի տեղ, որտեղ չգիտենք մեզ ինչ է սպասվում»:
Ընտանիքին հատկացրած 68000-ական դրամները չեն շտապում ծախսել, թեեւ շատ բանի կարիք ունեն: Այսուհանդերձ տիկին Արեւիկը չի մոռանում ժպտալ, ասում է՝ դա է միայն մնացել: Մոր տոկուն բնավորությունը ժառանգել է նաեւ դուստրը՝ Նելլան: «Քույրերով մի բաճկոն ունենք, տանից դուրս գալիս՝ հերթով հագնում ենք: Երբ տեսնում ես որդեկորույս ծնողների ապրումները, անհետ կորածների հարազատների վիշտը, խնդիրներդ փոքրանում են»։
Մասնագիտությամբ լեզվաբան եմ, բայց հիմնական զբաղմունքս եղել է լրագրությունը։ Սկսելով «Շողակաթ» հեռուստաընկերությունից՝ մշտապես լուսաբանել եմ մշակութային իրադարձություններ՝ խնդիր ունենալով արվեստի երեւույթները չթողնել ստվերում։