Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ հայկական կողմը բարձրացրել է ռազմագերիների շուտափույթ փոխանակման հարցը։ Թեեւ կոնկրետ արդյունքի այս առումով հնարավոր չի եղել հասնել, հարցը հայկական կողմի օրակարգում շարունակում է մնալ ամենակարեւորը, իսկ ռուսական կողմը պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումը։ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրառում է արել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
«Մոսկվայում այսօր ստորագրվեց հայտարարություն, համաձայն որի տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման իրականացման նպատակով ստեղծվում է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ։ Ապաշրջափակումը բխում է Հայաստանի շահերից, քանի որ դրա իրականացման դեպքում կվերականգնվի նաեւ մեր երկաթուղային կապը Իրանի եւ Ռուսաստանի հետ, ինչը նոր տնտեսական հնարավորություններ կարող է ստեղծել մեզ համար»,-գրել է Ռուբինյանը։
Նա կարեւոր դիվանագիտական հաջողություն է համարել այն հանգամանքը, որ հայտարարության մեջ Ադրբեջանի եւ Նախիջեւանի տրանսպորտային կապը (Մեղրիով) որեւէ կերպ առանձնացված չէ։
Այսուհանդերձ հասկանալի չէ, թե ինչպե՞ս է Հայաստանը կապվելու Իրանի եւ Ռուսաստանի հետ, եթե Ադրբեջանը ճանապարհ չունենա դեպի Նախիջեւան։ Եւ ինչպե՞ս է պահպանվելու հաղորդակցության ուղիների անվտանգությունը, երբ կողմերից մեկը չի ուզում հանձնել մյուսի գերիներին։