Էջմիածնի Մաչանենց թատրոնի շենքում տեղակայված՝ եզդիական առաջին թատրոնը, որը կրելու է մնջախաղի վարետ Արսեն Փոլադովի անունը, հունվարի 17-ից դռները կբացի թատերասերների առաջ՝ «Կռիվ ու սեր» բեմադրությամբ:
«Եզդիների կողքին» նախաձեռնության հիմնադիր, ներկայացման սցենարի հեղինակ, Գրետա Ալեքսանյանն «Արմենպրես»-ին հայտնել է, որ իրենք նախատեսել էին բեմադրել ազգային լեգենդ, բայց անցյալ տարվա սեպտեմբերին բռնկված պատերազմը ստիպել է փոխել խաղացանկն ու ներկայանալ հրատապ թեմայով։ Ներկայացումը նվիրված է Արցախի երկրորդ պատերազմում կյանքը հայրենիքին նվիրած եզդիների անմար հիշատակին։
Դերասաններից մեկը եղբորը ռազմի դաշտում կորցրած պատերազմի մասնակից է: «Բեմում նրա իրական ապրումներն են»,-նշել է Գրետա Ալեքսանյանը:
Ինչպես «Կռիվ ու սեր»-ը, այնպես էլ թատրոնի առաջիկա ներկայացումները եզդիերեն են լինելու: Հայ հանդիսատեսին եւս թատրոն բերելու նպատակով նրանց բաժանվելու են ներկայացման բովանդակությանը ծանոթացնող հայերեն թերթիկներ:
Ներկայացման ռեժիսորը Մաչանենց թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեւորգ Ընծա Բաբախանյանն է, որի հետ համագործակցելու են նաեւ առաջիկայում, քանի որ վերջինս ծանոթ է եզդիների ազգային առանձահատկություններին: