ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասել է, որ վարակի վերարտադրության ցուցանիշը վերջին 14 օրերին 0.84 է, իսկ նախորդող ժամանակահատվածում եղել է 1.43:
Միաժամանակ նա զգուշացրել է, որ տոնական օրերի տարատեսակ շփումները առաջիկայում կարող են վարակի ակտիվացման պատճառ դառնալ:
Հայաստանում կորոնավիրուսի վարակի հաստատված դեպքերը կազմում են 162643, մահացել է վարակվածների 1.8 տոկոսը: Ներկայում բուժվում է 8300 հիվանդ: Ավելի շատ դեպքեր են գրանցվել 55-60 եւ 30-35 տարեկանների շրջանում: Երեխաների խմբում ավելի շատ գրանցվում են դեպքեր 0-5 եւ 15-ից բարձր տարեկանների շրջանում: Գայանե Սահակյանը հավաստիացրել է, որ թեստերի խնդիր չունեն:
Կրկնավարակների վերաբերյալ հարցին ի պատասխան նա նկատել է, որ նույնիսկ ԱՀԿ-ն չունի կրկնավարակի հստակ սահմանումը. վիրուսը նոր է, դեռ պիտի ուսումնասիրվի: