Հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին, իսկ երկու պետությունների միջեւ առաջին պայմանագիրը եղել է բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ անվտանգության մասին:
Ջոննի Մելիքյան, վրացագետ — Ներկայիս փուլը հայ-վրացական հարաբերությունների կարելի է նկարագրել որպես գործընկերային, բարիդրացիական: Ասեմ, որ պարբերաբար դինամիկ են դառնում, բայց հիմնականում պետք է ֆիքսենք, որ անկախությունից այս կողմ նույն, գրեթե նույն հարաբերություններն են: Քիչ թե շատ տարբեր նախագահների օրոք որոշ փոփոխություններ են եղել՝ որոշ էլեմենտներ: Ասենք՝ 90-ականներին, երբ որ միջպետական հարաբերությունների փաստաթղթային բազան ստեղծվեց, այն ժամանակ, կարելի է ասել, որ հիմքն էր դրվել եւ շատ կարեւոր էր 93 թվականի պայմանագիրը՝ միջպետական, բարեկամության մասին, որտեղ էլեմենտ կար փոխադարձ անվտանգության: 2001 թվականին նույն տիպի փաստաթուղթ է ստորագրվել արդեն Ռոբերտ Քոչարյանի օրոք, Վրաստանում Էդուարդ Շեվարնաձեն էր:
Եվ եթե խոսենք ապագա հարաբերությունների մասին, իմ կարծիքն է, որ մենք պետք է այդ փաստաթուղթը վերանայենք, հասկանանք ինչ ուղղություններով կա հնարավորություն զարգացնելու մեր հարաբերությունները եւ այն շեշտադրումները, որ այն ժամանակ դրված են եղել, թե 2000-ականներին, թե 90-ականներին, ակտուալ են եւ շատ կարեւոր են. մենք առեւտրի վրա ենք հիմնում մեր հարաբերությունները, փոխշահավետ համագործակցություն, բարիդրացիական հարաբերություններ եւ անվտանգային եւս մեկ գործոն, որ փոխադարձ անվտանգության հարցն ենք լուծում եւ դրանով բոլոր հարցերն, ինձ թվում է, փակվում են եւ նույն մոտեցումը՝ Հայաստանի, 2008-ին, երբ որ ռուս-վրացական պատերազմն էր՝ չեզոքության: Այս ամենը ֆիքսված էր այն բազային փաստաթղթերի մեջ, ուստի նույնը իրենց (Վրաստանի) մասով եղավ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ, բայց, պետք է ասենք, որ որոշ բացեր, որոշ հարցեր հայկական հանրության մեջ մնում են, որոնց բացատրություն չտրվեց:
Բոլոր տեղերում նեգատիվ տեղեկատվութուն էր, ապատեղեկատվությունն ակտիվորեն տարածվում էր եւ հստակ, արագ տեմպերով պետք էր վերստուգել տեղեկատվությունը եւ հակառակ դեպքում հերքել, որ էլ ավելի չշատացնենք հակավրացական տրամադրություններն այստեղ եւ նույն զուգահեռ՝ աշխատելով վրացական հանրության հետ, իրենց ինֆորմացիոն դաշտի հետ, նույն գործն արվեր այնտեղ, որ հակահայկական ալիքը, որը կար արդեն, որը մինչ օրս ես տեսնում եմ, որ գոյություն ունի եւ Ադրբեջանը մինչ օրս աշխատում է եւ չի թուլացնում իր ակտիվ աշխատանքը Վրաստանում, որ այնտեղ եւս մինիմիզացվեին ռիսկերը եւ մեր համայնքը այդ հարվածից հանեինք:
Խնդիրը միայն Ադրբեջանի՝ հակահայկական քաղաքականությունը չի Վրաստանում: Հիմքը՝ հակահայկականության հենց այնտեղ կա, եւ խնդիրը հենց դրանում է, որ կա ինչ-որ մի հետք թողնված՝ պատմության ընթացքում, ինչ-որ մի նստվածք կա եւ դրա հաշվին, ոչ միայն Ադրբեջանը, երրորդ երկրները շատ հեշտ կարող են ազդել այդ տրամադրվածությունների վրա. կլինի դա ատելությունը հայերի նկատմամբ, թուրքերի, ադրբեջանցիների, ուստի այն հիմքը որ կա, այդ հիմքի հետ են աշխատում: Շատ դժվար կլիներ այլ իրավիճակում աշխատելը ադրբեջանցիներին Վրաստանում, եթե ինչ-որ մի հիմք չլիներ: Դրա համար նույնիսկ եթե Ադրբեջանը չաշխատի էլ Վրաստանում, Վաստանում կան ազգայնական ուժեր, ովքեր տարածքային նկրտումներ ունեն Հայաստանի նկատմամբ, կրոնի կամ եկեղեցական կառույցների հետ կապված: Խնդիրը լուծելու համար, իմ կարծիքով, ավելի ինստիտուցիոնալ, ավելի բարձր մակարդակ է պետք, որ երկու իշխանությունները, երկու պետությունները հասկանան, որ խնդիր է եւ խնդիր է ստեղծում երկու պետությունների համար, առաջին հերթին Վրաստանի, քանի որ Վրաստանում կա երկու խոշոր համայնք՝ ադրբեջանական եւ հայկական եւ այս ամենը մոտ ապագայում կարող է լուրջ խնդիրներ ստեղծի իրենց համար՝ ներքաղաքական կայունության հետ կապված, սեպարատիզմի մասով, ի վերջո, երբ որ մեկին տասնյակ տարիներով մեղադրում ես սեպարատիզմի մեջ, միգուցե մի օր այդ մեղադրանքը իրականություն դառնա, քանի որ այդ մարդուն մարգինալիզացնում են, անընդհատ մեղադրում են, մարդուն օտարացնում են այն երկրում, որտեղ ինքը քաղաքացի է եւ եթե չես պաշտպանում քո քաղաքացուն, միգուցե որոշ ժամանակ անց այդ խնդիրը եւս դու ունենաս: Ես միշտ դրա մասին վրացիների հետ խոսելուց ասել եմ, որ դուք ձեր քաղաքացիներին պետք է տեր կանգնեք: Հայաստանը կամ Ադրբեջանը իրենց դերն ունեն, բայց այստեղ շատ կարեւոր է եւ ձեր ազգային շահերից է բխում, որ կայունություն լինի եւ կենացային չլինի այդ բոլոր ժողովուրդների եղբայրական ապրելը Վրաստանի տարածքում:
2017-ից «Ալիք մեդիա»-Վրաստան թիմի անդամ եմ՝ լրագրող։ Թեեւ Վրաստանի տեխնիկական համալսարանում իրավագիտություն եմ ուսումնասիրել, բայց ինձ համար հետաքրքիր են բոլոր ոլորտներն ու թեմաները։