Ըստ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության, Կոտայքի մարզի բնակիչ, անհետ կորած զինծառայողի հայր Գ.Վ.-ն հունվարի 10-ին, ժամը 21։30-ի սահմաններում, իր անձնական օգտագործման «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով հարվածել է ՀՀ ՊՆ վարչական համալիրի հսկիչ անցագրային կետի դարպասին, ջարդել այն ու մուտք գործել ՊՆ վարչական համալիրի տարածք, այնուհետեւ, կոտրելով վարչական մասնաշենքի մուտքի դռները՝ մեքենայով մխրճվել շինության մեջ։
Հսկիչ անցագրային կետի ռազմական ոստիկանության ծառայողները ձերբակալել են 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայողի հորը՝ Գ.Վ.-ին: Հարուցվել է քրեական գործ։
Անհետ կորած զինծառայողի հորեղբայրը Aysor.am-ի հետ զրույցում բացատրել է, որ պատերազմի մասնակից իր եղբայրը՝ Գ.Վ.-ն, պարզապես չհաշտվելով որդու անորոշ ճակատագրի հետ, հոգեկան ու նյարդային ծանր ապրումների մեջ մեքենայով կոտրել է ՊՆ դարպասն ու ներս մտել:
«Ամեն ծնող մի ձեւ է տանում, ոչ ոք չի կարող պատկերացնել՝ ով ինչ կանի: Պետք է մարդկանց կոնկրետ պատասխան տալ, ոչ թե ուղարկել այս ու այն կողմ», — ասել է անհետ կորած զինծառայողի հորեղբայրը: