«Վարանդա» ընկերությունը գտնվում է Ասկերան քաղաքում, որը նոյեմբերի 9-ի հրադադարից հետո մնացել է Արցախի վերահսկողության տակ։ Ադրբեջանցիների դիրքերը թեեւ 1-2 կմ հեռավորության վրա են, բայց դա շատ չի խանգարում, որ մարդիկ վերադառնան, իրենց տներն ու աստիճանաբար անցնեն բնականոն կյանքի։
Արդեն վերականգնվում են էլեկտրականությունն ու ջրամատակարարումը։ Հարկադիր դադարից հետո ոտքի են կանգնում նաեւ Ասկերանում գործող ընկերությունները, որոնցից մեկն էլ գինեգործության ու կոնյակագործության ոլորտում հայտնի՝ տակառ արտադրող «Վարանդան» է։
Ընկերության հիմնադիր, Արցախի գործարարների միության նախկին նախագահ Սամվել Հակոբյանն ասում է, որ պատերազմի արդյունքում գործարանը վնասներ չի կրել, պարզապես չի աշխատում, պատվերի դեպքում պատրաստ են վերսկսել տակառների արտադրությունը։
Վարանդայի» տակառները հայտնի են թե՛ տեղի, թե՛ արտասահմանի գինեգործներին ու կոնյակագործներին։ Հայաստանում եւ Արցախում չկա քիչ թե շատ հայտնի՝ որեւէ գործարան, որն իրենց տակառ պատվիրած չլինի։ «Երեւանի կոնյակի գործարանը» կամ «Պեռնո Ռիկար Արմենիան» երբ չի հասցնում իր արտադրամասում ստանալ տակառների անհրաժեշտ քանակը, պատվիրում է «Վարանդային»։
Ընկերության արտադրանքի մեծ մասն արտահանվում է, հիմնականում՝ Ֆրանսիա, Մոլդովա, Բուլղարիա։ Կոնյակի եւ գինու ավանդույթներ ունեցող քմահաճ Ֆրանսիայում բարձր են գնահատում արցախյան տակառները։ Արտադրողի կարծիքով՝ պատճառը լավ փայտանյութն է եւ բծախնդիր աշխատանքը։
«Սկզբում արտադրում էինք տակառափայտ եւ ուղարկում Ֆրանսիա։ Հետո սարքավորումներ բերեցինք ու սկսեցինք տակառ արտադրել»,- պատմում է «Վարանդա» ընկերության հիմնադիր Սամվել Հակոբյանը։ Սարքավորումներն ու մասնագետներին հենց Ֆրանսիայից են բերել ու մի քանի տարում յուրացրել այդ երկրի տակառագործության հմտությունները։
«Միջազգային ցուցահանդեսների ենք մասնակցել, բարձր գնահատականներ ենք ստացել։ Այսինքն Ասկերան քաղաքում արտադրվում են միջազգային կարգի տակառներ։ Մոլդովայում կա կոնյակ եւ գինի արտադրող հայտնի KVINT ընկերություն, որը 6-7 տարում մեզանից գրեթե 7000 տակառ է գնել՝ հիմնականում 400 լիտրանոց։ Մենք արտադրում ենք եվրոպական ստանդարտներով 400, 300, 225 լիտրանոց տակառներ»։
Գործարարը չցանկացավ խոսել պատերազմական իրադարձություններից եւ ետպատերազմական վիճակից։ Ընդամենը ցավով նշեց, որ իր երկրի տարածքների մի մասն անցավ Ադրբեջանին։ Արցախի գործարար հնարավորությունները կտրուկ նվազել են՝ ոչնչացվել կամ պարզապես դադարել են գործել։
«Հադրութն ամբողջությամբ մնաց, «Կատարոն»՝ Տող գյուղում։ Հադրութի շրջանում մի քանի գինու գործարաններ մնացին Ադրբեջանին։ Մեծ քանակի այգիներ Աղդամի շրջակայքում, Հադրութում, Մարտունիում։ Ո՞րը ասեմ։ Բայց մենք այս երկրի վրա պիտի ապրենք ու գործենք։ Չգիտեմ՝ ինչպես կլինի, բայց պիտի վերականգնենք»,- ասում է Սամվել Հակոբյանը։
Լրագրող եմ, գրում եմ քաղաքականության եւ տնտեսության մասին։ Սիրում եմ, երբ այդ երկուսը միախառնված են, եւ հնարավոր չի լինում հասկանալ՝ քաղաքական շահե՞րն են որոշում տնտեսական զարգացումները, թե՞ տնտեսական շահերն են որոշում քաղաքական զարգացումները։