Գերմանական «Heise» պարբերականը գրում է, որ եթե ռուսական խոշոր նավթագազային կոնցեռները հասկանալի պատճառներով շահագրգռված են Ադրբեջանի հետ փոխզիջումներով, ուժայինների ճամբարում (զինվորականության եւ հատուկ ծառայությունների շրջանում) Ադրբեջանի հանդեպ առավել կոշտ գործողություններ կիրառելու տեսակետներ են հնչում: Չէ՞ որ Ռուսաստանն ու Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ են, եւ անդամներից մեկի նկատմամբ ի հայտ եկած վտանգի դեպքում մյուսները չեն կարող անտարբեր հետեւել այդ վիճակին: Մանավանդ, որ ՌԴ-ն Հայաստանի իր ռազմաբազայում ունի համապատասխան ուժեր՝ հինգ հազար զինվոր:
Ռուսաստանյան խոշոր լրատվամիջոցները ձգտում են չեզոքություն պահպանել ղարաբաղյան հակամարտության լուսաբանման հարցում: Սակայն միշտ չէ, որ դա հաջողվում է: Պատգամավոր Զատուլինը «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի ծավալուն հոդվածում գրել է. «Ադրբեջանը Թուրքիայի հետ դաշինք կապած հարձակվել է չճանաչված Արցախի Հանրապետության վրա, իսկ իրականում՝ հայերի ու Հայաստանի վրա՝ խախտելով հենց իր խնդրանքով եւ մեր օգնությամբ 1994 թվականին հաստատված կրակի դադարեցման համաձայնագիրը»:
Պատգամավորը զգուշացնում է, որ ձգձգված վեճերի լուծման ադրբեջանա-թուրքական փորձը կարող է վտանգավոր հետեւանքներ ունենալ Ռուսաստանի համար, որն արդեն իսկ ներգրավված է Դոնբասի, Մերձդնեստրի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հակամարտություններում: