Հունգարիան տարվա մեկնարկին սկսում է առողջ հետաքրքրություն դրսեւորել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) նկատմամբ՝ ինչպես դիվանագիտական, այնպես էլ կրթամշակութային հարաբերությունների հարթությունում:
Մասնավորապես, Հունգարիայի Արտաքին տնտեսական կապերի եւ արտաքին գործերի նախարար Պետեր Սիյատրոն, ըստ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի, հունվարի 22-ին ժամանելու է Մոսկվա, որտեղ միջազգային օրակարգի մի շարք հարցերի շարքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ անդրադառնալու է Լեռնային Ղարաբաղի (Արցախի) շուրջ ստեղծված իրավիճակին:
Հունգարիան կարեւորում է նաեւ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հետ մշակութային հարաբերությունների խորացումը:Արցախի համալսարանի շրջանավարտներն ընթացիկ ուսումնական տարվանից հնարավորություն կունենան կրթությունը շարունակելու Հունգարիայում:
Արցախի պետական համալսարանը հայտնել է, որ շրջանավարտները ՀՊՊԿ համալսարանի հայագիտական ամբիոնի հայտարարած մրցույթում հաղթելու դեպքում մագիստրոսական կրթություն կստանան Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանում: Ուսման բոլոր ծախսերը հոգալու է կաթոլիկ համալսարանը: