Թուրքական Daily Sabah պարբերականում Եվրոպական համալսարանի պրոֆեսոր Էմիլ Ավդալիանին մեկնաբանել է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխությունների ազդեցությունը։
Նրա կարծիքով Ղարաբաղյան պատերազմն ի հայտ է բերել աշխարհաքաղաքական նոր միտումներ, որոնցից առաջինը տարածաշրջանի պետությունների ժողովրդավարական իդեալների եւ նվաճումների նվազումն է: «Վերցրեք Հայաստանը, նրա երիտասարդ ժողովրդավարությունը մեծ հույսեր էր կապում 2018-ի հեղափոխության հետ, բայց այժմ այն շատ ավելի կախված կլինի Ռուսաստանից:
Հարցն այն չէ, թե արդյո՞ք ժողովրդավարական մոդելն ավելի լավն է, թե ոչ, հարցն այն է, թե որքանով է ժողովրդավարությունը համատեղելի այնպիսի հզոր ոչ ժողովրդավարության հետ, ինչպիսին Ռուսաստանն է»,-գրում է Ավդալիանին։
Ըստ նրա՝ վերջին իրադարձությունների արդյունքում Հայաստանը վերջնականորեն հրաժեշտ է տվել բազմավեկտոր արտաքին քաղաքականությանը՝ գերակայություն տալով ռուսամետ կողմնորոշմանը։ «Մինչեւ 2020 թվականը Հայաստանի ջանքերը բազմառանցք արտաքին քաղաքականության ուղղությամբ գնալով վատթարանում էին, իսկ 2016-ի մարտերը [քառօրյա պատերազմ]դրա ապացույցն էին: Դրանից հետո հայ քաղաքական գործիչները փորձեցին զարգացնել կապերը տարածաշրջանային այլ տերությունների հետ, բայց ռուսական ազդեցությունն արդեն սկսել էր աստիճանաբար աճել: Նժարներն այլեւս հավասարակշռել հնարավոր չէր, եւ իր գագաթնակետին հասավ Ադրբեջանի հետ 2020 թվականի պատերազմով»:
Սա, Ավդալիանիի կարծիքով, բացասաբար է անդրադարձել Հարավային Կովկասի երեք հանրապետությունների վրա։ «Այլեւս չունենալով արտաքին քաղաքական դիվերսիֆիկացիա, Հարավային Կովկասի երեք երկրները բաժանված են տարածաշրջանային ավելի մեծ տերությունների միջեւ: Թուրքիայի վերադարձը եւ ռուսական զինուժի աճը տարածաշրջանում, կարող են վերակենդանացնել մեծ տերությունների մրցակցությունը, որում պետության ռազմական հզորությունը, ենթակառուցվածքային նախագծերը եւ տնտեսական կարողություններն ուղղակի գործոն են տարածաշրջանի վրա իրենց աշխարհաքաղաքական ազդեցության համար»: